ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ (1886-1925ԹԹ.)

Երևան համայնք, պետ. ցուցիչ` 1.6.131:

«Նաիրյան արևն էր քո մեջ` լենինյան հրով ճառագած:
Կործանվող մեր երկրի համար դու եղար փրկության առագաստ:
Դու տվիր ընթացք և ուղի մեզ մինչև դարերն հեռակա,
Նաիրյան արևն էր քո մեջ` լենինյան հրով ճառագած»:
Ե. Չարենց 16.04.1936թ.

Խորհրդային պետական, կուսակցական և ռազմական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանը (կեղծանունը` Մարտունի) ծնվել է Նոր Նախիջևանում (Ռոստով) 1886թ. փետրվարի 9-ին: Ուսանել է ծննդավայրի թեմական դպրոցում, իսկ 1904-1906թթ.՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանում: 1906թ.-ից Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության անդամ էր: 1911թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1917թ. սեպտեմբերին ընտրվել է Բելոռուսիայի կոմկուսի Կենտկոմի քարտուղար, հետագայում՝ Արևմտյան ռազմաճակատի հրամանատար։ 1917թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հրամանատարական բարձր պաշտոններ է վարել Կարմիր բանակում: 1919թ. տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ընտրվել է Մոսկվայի կոմկուսի քաղաքային, ապա՝ նահանգային կոմիտեի քարտուղար: Ալեքսանդր Մյասնիկյանը 1921թ. հունվարին նշանակվել է Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի առաջին նախագահ և ռազմական գործերի ժողկոմ։ Հաջորդ տարի մարտին Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմավորումից հետո եղել է դաշնության գործկոմի նախագահներից, ապա՝ ՌԿ(բ)կ Անդրերկրկոմի առաջին քարտուղարը։

Երկրի տնտեսության վերականգնման, արևմտահայ փախստականներին տեղավորելու, քաղաքացիական պատերազմի հետևանքները վերացնելու, երկրում կայունություն հաստատելու համար Ալեքսանդր Մյասնիկյանը ծավալել է աշխատանքային մեծ գործունեություն։ Նա հատկապես ձգտում էր համախմբել հայ մտավորականությանը` նրանց համար ստեղծելով անհրաժեշտ պայմաններ` ստեղծագործական աշխատանք իրականացնելու համար: Խմբագրել է մեկ տասնյակի հասնող թերթ ու հանդես: Հրատարակել է հոդվածներ` նվիրված հայ պոեզիայի դասականներին:

1921 թվականի հուլիսի 4-5-ը Ալեքսանդր Մյասնիկյանը մասնակցել է ՌԿ(բ) կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի լիագումար նիստին, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը և դեմ քվեարկել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմի մեջ մտցնելու մասին որոշմանը: Մյասնիկյանը զոհվել է 1925թ. մարտի 22-ին ինքնաթիռի աղետի հետևանքով:

Ա. Մյասնիկյանի հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1980թ. նոյեմբերի 25-ին ՀԽՍՀ-ի 60-ամյակի տոնակատարությունների օրերին, Հ. Պարոնյանի անունը կրող փողոցի վրա: Արձանի բարձրությունը 8,6 մետր է, նյութը` գրանիտ, բազալտ: Հուշարձանի ճարտարապետն է Ջիմ Թորոսյանը, քանդակագործը` ՀՀ ժողովրդական նկարիչ` Արա Շիրազը:

Օգտագործված գրականություն
1. Խանջյան Ա., Երևանի արձանները, Երևան, 2004թ.