ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՊՈԱԿ-ՈՒՄ

Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետների 1-ին կուրսի ուսանողներն ուսումնական պրակտիկայի շրջանակում ս.թ. մարտի 18-ին հյուրընկալվեցին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում: Համագործակցության հուշագիրը ՊՈԱԿ-ի և ՀՊՄՀ միջև կնքվել է 2014 թ.:

Ողջունելով երիտասարդներին, ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Նորայր Հակոբյանը նշեց, որ ՊՈԱԿ-ն իրականացնում է պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա շուրջ 19. 000 հուշարձանների պահպանություն, ուսումնասիրում և հանրահռչակում: Ն. Հակոբյանը հանգամանալից անդրադարձավ հուշարձանների նկատմամբ իրավախախտումների դեպքերին, դատական գործընթացներին: Անդրադառնալով 2014 թ. սեպտեմբերի 26-ին ՌԴ քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոյի`«Գառնի» տաճարի հարավային պատին գրառում կատարելուն, նա ասաց, որ արդյունքում հանրապետական նշանակության հուշարձանին /պետ. ցուցիչ` 6.21.4. 2/ վնաս էր պատճառվել: Ավելի ուշ, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վանդալի նկատմամբ պատիժ է նշանակել` կալանք` 2 ամիս ժամկետով, իսկ հուշարձանին պատճառած վնասի համար վճռվել է բռնագանձել 839. 390 ՀՀ դրամ: ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդականը ներկայարցեց նաև իրավախախտման այլ դեպքեր: Նա ընդգծեց, որ իրավախախտմումների փաստերով «Պահպանության ծառայություն»-ը դիմում է ոստիկանություն, հետամուտ լինում խնդրի վերջնական լուծմանը:

ՊՈԱԿ-ն ունի մշակութային ժառանգության հարուստ ֆոնդ, որտեղ 305. 600 թանգարանային առարկա է պահվում, այդ թվում` անվանի գիտնականների, ճարտարապետների, ոլորտի նվիրյալների անձնական արխիվներ, ձեռագրեր, նյութեր: Մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության համալսարանի ուսանողներին ներկայացվեց «Պահպանության ծառայության» հնագիտական, ազգագրական, փաստավավերագրական /սևանկարների, լուսանկարների ֆոնդերում իրականացվող աշխատանքները: Ուսանողները եղան գրադարանում, վերականգնման լաբորատորիայում:

2016-03-25T15:53:23+00:00 18 / 03 / 2016|Լրահոս|