ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ «ԳԱՌՆԻ» ՏԱՃԱՐՈՒՄ

«Արորդիների Ուխտ»-ի քրմերի գլխավորությամբ «Գառնի» տաճարի տարածքում մարտի 21-ին նշվել է Ամանորն ու Վահագնի ծնունդը: Հեթանոս հայերն առաջնորդվել են արևային օրացույցով և գարնանային գիշերահավասարի օրը նշել են գարնան սկիզբը: Արեգ ամսվա առաջին օրը նշվել է նաև հաղթանակի աստված Վահագնի ծնունդը: Նրա ծնունդով է սկսվում նոր տարին: Հնում Վահագնով էին ոգեշնչվում Հայաստանում հայ ռազմիկները` տանելով բազում հաղթանակներ: Վահագնը ուժն է, զորությունը, որ կա ամեն հայի մեջ:

Ազգային տոների նշումը, ծիսական արարողությունները ոգեշնչում են հայ մարդուն, արթնացնում սեփական ուժի և զորության գիտակցությունը: Տոնի հետ կապված արարողությունների մեջ ուշագրավ է ծիրանենու զարդարումը: Ծիրանենին հին Հայաստանում Կենաց ծառի խորհրդանիշ է եղել: Ծառազարդի ընթացքում ամեն մեկը մի ցանկություն պահելով՝գունավոր ժապավենի մի կտոր է կապել Կենաց ծառի ճյուղին:

Ծիսական արարողությունն ու տոնակատարությունն ուղեկցվել են ազգային երգ ու պարով: Այնուհետև՝ «Արորդիների Ուխտ»-ի քրմերը ներկաների մասնակցությամբ երկու մշտադալար մայրի են տնկել «Գառնի» արգելոց-թանգարանի տարածքում՝ հնագիտական համալիրներից որոշակի հեռավորության վրա: Նշենք, որ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը համագործակցում է «Արորդիների Ուխտ»-ի հետ, վկան` արգելոց-թանգարանի տարածքում հաճախակի կազմակերպվող բարեկարգման աշխատանքներն են: