ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՎ ՎԻԿՏՈՐԻՆԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժինը` ցուցադրությունների կազմակերպման բաժնի հետ համատեղ, հերթական ցուցահանդեսն է կազմակերպել: «Հարատևող հիշողություն. Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի» խորագրով ցուցադրությունը բացվել է Երևանի թիվ 171 հիմնական դպրոցում: Մեկ շաբաթ տևած ցուցադրությունն ավարտվել է «Ճանաչենք մեր պատմամշակութային ժառանգությունը» խորագրով ինտելեկտուալ մրցույթով: Ծրագրի նպատակը դպրոցականների շրջանում պատմամշակութային հուշարձանների հանրահռչակումն է, դրանց վերաբերյալ հարուստ տեղեկությունների փոխանցումը:

Հուշարձանների մասին գիտելիքներով մրցել են դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները՝ «Էջմիածին», «Նորավանք» և «Տաթև» թիմերով: Միջոցառումն անցկացվել է թիմերի ակտիվ մասնակցությամբ և թեժ պայքարի մթնոլորտում: Ընդմիջումներին ասմունքով ելույթ են ունեցել աշակերտները:

Մրցույթին ներկա են եղել ուսուցիչներ, աշակերտներ և ՊՈԱԿ-ի աշխատակիցները: Հաղթող է ճանաչվել «Էջմիածին» թիմը, որի անդամները պարգևատրվել են ՊՈԱԿ-ի պատվոգրով, իսկ մյուս երկու թիմերը՝ խրախուսական գովասանագրերով:

Մրցույթի ավարտին ելույթ է ունեցել դպրոցի տնօրեն Ա. Սաֆարյանը, նա կարևորել է մշակույթի զարգացման դերը աշակերտների շրջանում և շնորհակալություն հայտնել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին՝ հետաքրքիր և ուսուցողական միջոցառում կազմակերպելու համար: