ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է Վ. ՍԱՖԱՐՅԱՆԻ «ԱՐՑԱԽԻ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ» ԳԻՐՔԸ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, Արցախի Պետական Համալսարանում օրերս կայացել է նույն բուհի պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդգես Սաֆարյանի «Արցախի հին և միջնադարյան պատմության ու մշակույթի կեղծարարությունը ադրբեջանական պատմագիտության մեջ» գրքի շնորհանդեսը: Այն հրատարակվել է Արցախի գիտական կենտրոնի և մայր բուհի գիտական խորհրդի որոշմամբ:

Երեք գլխից բաղկացած ռուսաց լեզվով գրված աշխատության նպատակն է` ադրբեջանական պատմագիտության վերլուծության հիման վրա վեր հանել Արցախի մշակույթի ուսումնասիրության մեթոդաբանական, տեսական, քաղաքական հիմքերը, ցույց տալ ադրբեջանցի պատմաբանների` Ղարաբաղում թուրքական էթնոսի բնիկ լինելու և հայերի եկվորության մասին հայեցակարգի սնանկությունը, և, հետևաբար, ադրբեջանցիների կողմից արցախահայության մշակութային ժառանգության յուրացման փորձերի անհիմն և անհեռանկար լինելը:

Աշխատությունն ադրբեջանական պատմագիտության կողմից Արցախի հին և միջնադարյան մշակույթի ուսումնասիրության քաղաքական և գիտական մղումները, ընթացքը, մեթոդաբանությունն ու արդյունքները համալիր հետազոտելու առաջին փորձն է: Քննության են առնվում մի շարք նոր հետազոտություններ, փաստաթղթեր, շրջանառության մեջ են դրվում հեղինակի մասնակցությամբ Արցախում վերջին տարիներին իրականացված հնագիտական հետազոտությունների արդյունքները: Ձեռնարկը հարուստ նյութ է բովանդակում հայագետների, ԼՂ հիմնախնդրով զբաղվող քաղաքագետների և հայ ժողովրդի մշակույթն ուսումնասիրողների համար:

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի խոսքով, մի քանի տարի առաջ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն ադրբեջանցի գիտնականներին մեղադրում էր իրենց հանրագիտարաններում հայերի անունները, հայկական ծագմամբ անվանումներն ու ձևակերպումները թողնելու համար: Դժբախտաբար, Ադրբեջանի քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել. պետական մակարդակով իր պատմությունը կեղծելու, նենգափոխելու ուղղությամբ քայլերը հստակորեն շարունակվում են նաև այսօր:

«Ես ուրախ եմ, որ այսօր նման գիտական աշխատանքի ներկայացման մասնակիցներ ենք, և համոզված եմ, որ գրքում տեղ գտած հարուստ պատմական աղբյուրները ուսանողների համար նոր որոնումներ սկսելու և նոր ապացույցներ գտնելու հիմք կհանդիսանան»:

Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Ստեփան Դադայանը հիշեցրեց, որ ադրբեջանցի պատմաբանների հակահայկական արշավը սկսվել է դեռևս անցյալ դարի 60-ականներից, գրքի հեղինակն էլ 1970-ականներից է փորձել ընդդիմանալ ազերիների կեղծարարությանը:

Արցախի ՊՀ պատմության և քաղաքագիտության ֆակուլտետի դեկան, դոցենտ Արմինե Առստամյանի խոսքով` ադրբեջանական պատմագիտությունը որդեգրել է մի ուղի, որի նպատակը պատմական փաստերը խեղաթյուրելն է, հայ ժողովրդի պատմության այս կամ այն դրվագը սեփականաշնորհելը: Ըստ նրա Վ. Սաֆարյանն ստեղծել է մի աշխատություն, որով՝ օգտագործելով հարուստ պատմագիտական, շատ հաճախ էլ իր կողմից կատարված հնագիտական պեղումների արդյունքում վեր հանված նյութերը, հակահարված է տալիս ադրբեջանցի կեղծարարաներին:

«Գրքի նպատակն է ցույց տալ, որ Արցախի հին և միջնադարյան պատմության ու մշակույթի կերտողները հայերն էին: Հիրավի, սա վերջին մեկ-երկու տարում արված աշխատանք չէ. շուրջ 40 տարվա աշխատանքի արդյունք է», -հավելեց գրքի հեղինակը:

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ փոխնախագահ, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանը, կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Արմեն Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ, պատմաբաններ, դասախոսներ:

2016-04-26T16:25:10+00:00 23 / 03 / 2016|Լրահոս|