ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Արագածոտն > Հուշարձաններ > ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԵՐԵՔ ԱՄԵՆԱՎԱՂ ԹՎԱԿԻՐ ԽԱՉՔԱՐԵՐԸ
01

Պետ. ցուցիչ՝ 2.35.8.2.; 2.35.8.8.; 2.1.1.7.3.1.

Հայաստանի Հանրապետությունում պահպանվել են հարյուրավոր թվակիր (թվագրություն պարունակող) խաչքարեր: Մինչ օրս հայտնաբերվածներից հնագույնները IX դարի խաչքարերն են, որոնց թիվը ամբողջ հանրապետությունում ութն է: Թվակիր խաչքարեր հանդիպում են պաշտամունքային շինությունների պատերին, ճամփեզրերին ու ժայռաքարերին, կամուրջների վրա, կոթողներում ու գերեզմանոցներում: Խաչքարերը կանգնեցվել են տարբեր նպատակներով` որպես մահարձաններ, կամ հիշատակելու կրոնական ու աշխարհիկ կյանքի կարևոր իրադարձությունները: Բոլոր այդ խաչքարերն աչքի են ընկնում տվյալ դարաշրջաններին բնորոշ՝ շատ պարզունակ ոճավորումից մինչև բարդ հյուսվածքազարդ հորինվածք:

Արագածոտնի մարզում մեզ հասած ամենավաղ թվակիր խաչքարերը երեքն են՝ 882, 975 և 986 թթ.: Համաձայն ուսումնասիրողների՝ երեքի թվագրություներն էլ համապատասխանում են կանգնեցման թվականներին:

882 (ԵԼԱ) թվակիր խաչքար: Գտնվում է Դաշտադեմ գյուղում, «Քաղենի» գյուղատեղիի արևելյան մասում: Վերը նշված ութ խաչքարերից 3-րդն է: Պատրաստված է տեղական վարդագույն տուֆ քարից, բարձրությունը 1.75 մ է, լայնությունը` 1.05 մ: Պարզ հորինվածքով խաչքար է, խաչաքանդակի թևերի երկճյուղ ծայրերն ավարտվում են մեկական գնդիկներով, մեկ գնդիկ էլ նշմարվում է խաչի կենտրոնում: Ստորին խաչաթևի հիմքից՝ աջ ու ձախ կողմերով վեր են բարձրանում արմավենու չորս տերևներից բաղկացած մեկական ճյուղ: Խաչաքանդակը նստած է եռաստիճան պատվանդանի վրա: Խաչքարի թերի պահպանված արձանագրությունից ընթեռնելի է թվագրությունը և ընդամենը երկու բառ:

975 (ՆԴԻ) թվակիր խաչքար: Գտնվում է Դաշտադեմ գյուղում, «Քաղենի» գյուղատեղիի հարավարևելյան մասում: Պատրաստված է տեղական վարդագույն տուֆ քարից, բարձրությունը 1.60 մ է, լայնությունը` 0.70 մ: Խաչքարը առանձնահատուկ է այնքանով, որ խաչաքանդակը ընդհանուր սալաքարի համապատասխան երեսի, գրեթե, 1/10 մասն է կազմում, իսկ երեսի մնացած հատվածը ամբողջությամբ ծածկված է արձանագրությամբ: Խաչաքանդակը հավասարաթև խաչ է, բոլոր չորս թևերի միջնամասում առկա են մեկական գնդիկներ, իսկ ծայրերը ավարտվում են շրջագծով: Խաչը նստած է փոքր եռաստիճան պատվանդանի վրա:

Խաչաքանդակը փորագրված է մակերեսային խազվածքով, որի պատճառով էլ առաջին հայացքից աննկատ է դառնում արձանագրության կողքին: Խաչքարի վերևի երկու անկյուններում քանդակված են փոսիկավոր գնդիկներ: Արձանագրության համաձայն խաչքարը կանգնեցրել է ոմն Ալպիհինան իր որդիների բարեխոսության համար, ինչպես նաև Սահակ որդու կողմից ս. Գրիգոր և ս. Սարգիս եկեղեցիների վերականգնման կապակցությամբ:

986 (ՆԼԵ) թվակիր խաչքար: Գտնվում է Մուղնի գյուղում՝ հենած ս. Գևորգ վանական համալիրի սեղանատան արևելյան արտաքին պատին: Խաչքարը պատրաստված է բազալտ քարից, բարձրությունը 1.55 մ է, լայնությունը` 1.0 մ: Խաչը երիզվում է կրկնակի եզրագծով, խաչաթևերի մեջ ակոսաձև: Վերին խաչաթևի երկու կողմերից ցած են իջնում նռան մեկական քանդակներ: Հորիզոնական թևերից ներքև առկա են մեկական գնդիկներ: Խաչաքանդակը վեր է խոյանում եռաստիճան պատվանդանից: Խաչքարի եռակողմ շրջանակը լայն է` հարդարված նռնենու տերևներով: Համաձայն պահպանված արձանագրության` խաչքարը կանգնեցրել է ոմն Միհրանը, իր և որդիների հիշատակը պատվելոււ համար: Խաչքարը 2006–2007 թվականներին՝ «Հայաստան՝ իմ բարեկամ» Ֆրանսիայում Հայաստանի տարի ծրագրի շրջանակներում, տեղափոխվել է Փարիզ և ցուցադրվել Լուվրի թանգարանում՝ «Սուրբ Հայաստան» խորագրով մշակութային ժառանգության ցուցադրությունում:

Գրականության ցանկ
1. Ա. Ն. Շահինյան, Հայկական խաչքարերի արվեստը, «Էջմիածին» 1960 թ. № Զ
2. Ս. Բարխուդարյան, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարագործ վարպետներ, Երևան 1963 թ.
3. ՀՍՍՀ ԳԱ, Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները, IX-XIII դարերի խաչքարերը, Երևան 1984 թ.