ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ «ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ»

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ ապրիլի 18-ը նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Ապրիլի 18-ին, ժամը 14.30-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի «Նուռը և խաղողը հայ ճարտարապետության զարդաքանդակներում» ցուցահանդեսը: Կներկայացվեն «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի չափագրությունների և լուսանկարների ֆոնդերում պահվող նյութեր /25 գծագիր և 15 լուսանկար/, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի տրամադրած` Ախթամարի սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարները, հնագետ Բ. Գասպարյանի տրամադրած նյութերը:

Ժամը 15.00-ին արգելոց-թանգարանի տարածքում` տաճարի դիմաց ռազմահայրենասիրական ոգով համերգ- միջոցառում կկայանա: Կատարումներով հանդես կգան Տարոն գեղագիտական կենտրոնի «Շիրխանի» պարային համույթը, վաստակավոր արտիստներ Մադլեն Ասրյանը, Արուս Գուլանյանը, այլ համույթներ, երգիչ-կատարողներ:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով ապրիլի 30-ի «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանների, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի անվճար այցելության օրը տեղափոխվել է ապրիլի 18-ին: