ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՐԳԵԼԻ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվան նվիրված «Սպորտի ժառանգությունը» խորագիրը կրող համատեղ միջոցառում է անցկացվել Կոտայքի մարզի Արգել համայնքի N զորամասում:

Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են արցախյան վերջին իրադարձությունների ընթացքում զոհված զինծառայողների և խաղաղ բնակիչների հիշատակը:

Զեկույցով հանդես է եկել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պետ Կամո Հակոբյանը: Նա իր խոսքում կարևորել է ֆիզիկական դաստիարակության դերն ու նշանակությունը երիտասարդության կյանքում: Նա խոսել է նաև օրվա խորհրդի և մեր օրերում հուշարձանների պահպանության առանձնակի կարևորության մասին:

«Եթե բանակը պաշտպանում է մեր երկրի սահմանները՝ ապահովելով ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը, ապա պատմական կոթողներն էլ պահպանում են մեր դարերի պատմությունը, մեր հոգևոր անվտանգությունը, ուստի՝ պարտավոր ենք սրբորեն պահպանել մեր մշակույթը», – ասել է Հակոբյանը:

Զինծառայողների միջև անցկացվել է սպորտային խաղերի մրցույթ:

Ամփոփելով մրցույթի արդյունքները ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պետը շնորհավորել ու ՊՈԱԿ-ի կողմից պատրաստված շնորհակալագրեր է հանձնել հաղթողներին: