ՄԱՔՐՎԵԼ ՈՒ ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ Է ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 27 ՀԱՄԱՅՆՔԻ 50 ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔ

Ապրիլի 18-ին` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ 27 համայնքի 50 հուշարձանների տարածքներում իրականացվել են սանմաքրման և բարեկարգման աշխատանքներ: ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, մշակույթի նախարարների համատեղ հրամանի համաձայն՝ «բանակ-կրթություն–մշակույթ» համագործակցության շրջանակներում, հուշարձանների սանմաքրման աշխատանքներին մասնակցել են 35 դպրոցի ավելի քան 700 աշակերտ և մարզի տարածքում տեղակայված զորամասերի զինծառայողներ:

Մաքրվել և բարեկարգվել են Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված 31, Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին կանգնեցված 15 հուշարձանների և 4 պատմական գերեզմանոցների տարածքներ:

Հուշարձանների տարածքների մաքրման աշխատանքներից բացի մարզի մի շարք համայնքների դպրոցներում և մարզադպրոցներում կազմակերպվել են նաև սպորտային միջոցառումներ: Հաղթողները պարգևատրվել են ՊՈԱԿ-ի պատվոգրերով և շնորհակալագրերով: Միաժամանակ, մարզային ծառայության աշխատակիցները դպրոցների աշակերտներին և մարզադպրոցների սաներին ծանոթացրել են հայկական ավանդական ժողովրդական մարզական խաղերին: