ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայությունը՝ Նուռնուսի միջակարգ դպրոցի հետ համատեղ, համայնքի Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի (պետ. ցուցիչ՝ 6.51.18) տարածքում անցկացրել է Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվան նվիրված «Սպորտի ժառանգությունը» խորագրով միջոցառում:
Միջոցառման նախաձեռնողներն աշակերտների հետ սանմաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացրել հուշարձանի տարածքում, այնուհետև՝ ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պետը համառոտ ներկայացրել է «Հայ ժողովրդական խաղերը որպես պատանիների սոցիալականացման և ռազմահայրենասիրական դաստիարակության գործոն» թեմայով զեկույց: Դպրոցի տնօրեն Դ. Կարապետյանն աշակերտներին բաժանել է երկու խմբի և ՊՄՊ մարզային ծառայության հուշարձանների տարածքի պահապանի հետ համատեղ կազմակերպել մրցույթ: Հետաքրքիր և ուսանելի խաղերը մեծ ոգևորություն են առաջացրել պատանիների շրջանում:Ամփոփելով արդյունքները պարզ է դարձել, որ թիմերը բավականին լավ են հանդես եկել բազմամարտում: Հաղթողները պարգևատրվել են ՊՈԱԿ-ի շնորհակալագրերով: ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության հետ ունեցած տարիների արդյունավետ համագործակցության և նշված միջոցառման կազմակերպմանը ակտիվ մասնակցելու համար ՊՈԱԿ-ի պատվոգրով է պարգևատրվել նաև Նուռնուսի միջնակարգ դպրոցը, պարգևը հանձնվել է դպրոցի տնօրեն Դ. Կարապետյանին: ՊՄՊ մարզային ծառայությունն ու դպրոցի տնօրինությունը պայմանավորվել են հաճախակի կազմակերպել համատեղ միջոցառումներ և արշավներ՝ ավելի լավ ճանաչելու մարզի պատմամշակութային հուշարձանները և հարազատ բնաշխարհը: