ԽՆԱԾԱԽԻ ՍԲ. ՀՌԻՓՍԻՄԵ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ «ԲՀԱՎԵՐԻ» ՄԱՏՈՒՌԸ

Խնածախ գյուղի կենտրոնում է գտնվում 1625թ. կառուցված Սբ. Հռիփսիմե եկեղեցին (պետ. ցուցիչ` 8.44.11): Այն եռանավ, թաղածածկ, խորանի երկու կողմերում ավանդատներով և երկթեք ծածկով եկեղեցի է: Մուտքերը երկուսն են` հարավից և արևմուտքից: 1701 թ.՝ արևմտյան կողմից եկեղեցուն կից, կառուցվել է սրբատաշ բազալտով թաղածածկ բաց գավիթը: Տանիքի վրայի զանգ-աշտարակը կառուցվել է սրբատաշ բազալտով՝ 1905թ.: Եկեղեցին շարված է ճեղքված քարով և կրաշաղախով, մույթերը, պատուհանների և մուտքերի բացվածքները շարված են սրբատաշ բազալտով: Եկեղեցու և գավթի տանիքները սալարկված են բազալտե սալիկներով: Խորհրդային տարիներին օգտագործվել է որպես պահեստ: Տեղանքի մեծ թեքության հետևանքով` հյուսիսային կողմում քիվերը խրվել են հողաշերտի մեջ:

«Բհավերի» մատուռը /պետ. ցուցիչ` 8.44.21/ գտնվում է Խնածախ գյուղից 2կմ հարավ-արևելք` փոքրիկ դարավանդի վրա: Թվագրվում է XIII-XIV դարերով: Արտաքին չափերը կազմում են` 3.8X3մ: Շարված է կապտավուն երանգի սրբատաշ բազալտով: Մուտքը արևմտյան կողմից է, պատուհաններ չունի: Մուտքից ձախ` պատին հենած է սլաքաձև խորան ունեցող մի սալաքար, մուտքից աջ` օվալաձև շրջանակով ու տարբեր չափի խաչաքանդակներով հարդարված մի գեղեցիկ խաչքար: Մուտքի դիմաց, կողք կողքի գտնվում են չորս մեծ սալատապաններ: Մատուռի հարավային կողմում ևս նկատելի են գերեզմանոցի հետքեր:

Մատուռի «Բհավեր» անունը բարբառային հնչողության արգասիք է, որը բնակչության շրջանում առավել հաճախ հնչում է «պհավեր»` «բահավոր», «ձեռքին բահ ունեցող» արտահայտություններով: Մատուռի կառուցման մասին պահպանված ավանդազրույցը վկայում է, որ ժամանակին այդ հողակտորը պատկանել է մի հողագործ գյուղացու: Հողագործը արտում ցանքս անելու նպատակով` արևի տակ դրված ցորենի պարկը ծածկել է շորով և միայն դրանից հետո սկսել աշխատել: Աննկատ դաշտ է գալիս մանկահասակ որդին, ծածուկ մտնում պարկը ծածկող շորի տակ ու լռում: Երբ հայրը եկել է ցորենի պարկի ետևից, նկատել է, որ շորի տակ ինչ-որ բան է շարժվում: Նրան թվացել է, թե շարժվողը օձ է, և բահով ուժեղ հարվածել է: Այդպես տարաբախտ հայրը սպանել է իր որդուն: Հետագայում նույն տեղում էլ կառուցել է մի մատուռ, որին ժողովուրդը կոչել է «Բհավերի»:

Օգտագործված գրականություն
1. Մ. Հասրաթյան, Պատմա-հնագիտական ուսումնասիրություններ, Երևան, 1985
2. Արամ Ղանալանյան, Ավանդապատումներ, Երևան, 1969