ԳԱՅԻ (ՀԱՅԿ ԲԺՇԿՅԱՆ,1887-1937ԹԹ.) ԱՐՁԱՆ

Պետ. ցուցիչ` 1.8.13, Երևան համայնք

Ռազմական գործիչ, քաղաքացիական պատերազմի հերոս, կորպուսի հրամանատար, պրոֆեսոր Հայկ Բժշկյանը ծնվել է Թավրիզում 1887թ. փետրվարի 6-ին` ուսուցչի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական Արամյան դպրոցում: 1901թ. ընդունվել է Թբիլիսիի Ներսիսյան դպրոց: 1903-1918 թթ. անդամագրվել է Հնչակյան կուսակցությանը։ Հեղափոխական գործունեություն ծավալել է Թիֆլիսում, Բաքվում։ Երկու անգամ ձերբակալվել է ցարական ժանդարմերիայի կողմից և աքսորվել Աստրախանի նահանգ (1912-1913թթ.): Առաջին աշխարհամարտի ժամանակ եղել է հայկական 6-րդ կամավորական գնդի հրամանատարը և մասնակցել է կովկասյան ռազմաճակատում թուրքերի դեմ մարտական գործողություններին: Պարգևատրվել է Գեորգիևյան խաչով ու մեդալով, ինչպես նաև` Ս. Աննայի շքանշանով: Հայկ Բժշկյանը Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի տարիներին ստացել է Գայ մականունը, որը «հայ» բառի ռուսերեն տառադարձումն է: 1918թ.՝ խզելով կապերը Հնչակյան կուսակցության հետ, անդամագրվել է բոլշևիկյան կուսակցությանը: 1918թ. հուլիսից եղել է 24-րդ «Երկաթե դիվիզիայի» հրամանատար, որն ազատագրել է Սիմբիրսկը, Սիզրանը, Սամարան: Նրա հրամանատարությամբ գործող դիվիզիան իր «երկաթե» կարգապահության և արձանագրած հաղթանակների համար կոչվել է «Երկաթե դիվիզիա»:

1920-1922 թթ.-ին մասնակցել է Բանվորագյուղացիական կարմիր բանակի բարձրագույն հրամանատարական կազմի դասընթացներին: 1927թ. ավարտել է Մոսկվայի Միխայիլ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան: Եղել է այդ ակադեմիայի ասպիրանտ, պաշտպանել թեկնածուական թեզ՝ 1929 թ.-ին: Նա աչքի է ընկել որպես ռազմական պատմության լավագույն գիտակ ու ռազմական արվեստի խոշոր տեսաբան: Պարգևատրվել է Կարմիր դրոշի երկու շքանշանով: 1935թ. հունիսի 3-ին ձերբակալվել է «հակասովետական ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու» մեղադրանքով (նման մեղադրանքով ձերբակալությունը առաջին դեպքն էր Սովետական միությունում): 1937թ. դեկտեմբերի 11-ին ՍՍՀՄ Գերագույն Դատարանի ռազմական տրիբունալի որոշմամբ ճանաչվել է մեղավոր և նույն օրը գնդակահարվել: Հետմահու արդարացվել է՝ 1956թ.:

Հայկ Բժշկյանի հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1977թ. փետրվարի 18-ին` Նոր Նորքի 1-ին զանգվածում:

Արձանն իր ամբողջության մեջ կառուցված է բրոնզից, բազալտից, գրանիտից, բարձրությունը 10մ է: Քանդակագործն է Սուրեն Նազարյանը, իսկ ճարտարապետը` Ս. Գուրզադյանը:

Օգտագործված գրականություն`
1. Խանջյան Ա., Երևանի արձանները, Երևան, 2004
2. www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1022,

3. https://hy.wikipedia.org/wiki/Գայ