ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ԱՐԱԳԱԾՏՈՆԻ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության նախաձեռնությամբ Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացված «Արագածոտնի պատմամշակութային հուշարձանների պահպանումն ու ճանաչումը» խորագրով բաց դասի ընթացքում մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանը և տեղակալ Տարոն Մանուկյանը կարդացել են «Արագածոտն մարզի ամրաշեները» թեմայով դասախոսություն: Այն հետաքրքիր տեղեկություններ է ներառել Աշտարակի ճանաչված հուշարձանների ՝ մասնավորապես Սուրբ Աստվածածին «Կարմրավոր» (պետ. ցուցիչ՝ 2.1.15.), «Ծիրանավոր» (պետ ցուցիչ՝ 2.1.16.), «Սպիտակավոր» (պետ. ցուցիչ՝ 2.1.19.) եկեղեցիների, «Ուլատիտիկ» (պետ. ցուցիչ՝ 2.1.1.) ամրոցի, «Դարաբավոր» քարայր-կացարանի (պետ ցուցիչ՝ 2.1.35.) վերաբերյալ:Բաց դասն ավարտվել է ակտիվ քննարկումներով: Աշակերտների հարցերը հիմնականում վերաբերել են Արագածոտնի մարզի հուշարձանների վիճակին, դրանց վերականգնմանը և ցանկություն են հայտնել իրենց հարազատ մարզի հուշարձաններին ծանոթանալ տեղում: ՊՄՊ մարզային ծառայության պատասխանատուները՝ պատասխանելով աշակերտների հարցադրումներին, նշել են, որ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի իրավասության շրջանակներում է հուշարձանների պահպանությունը, ուսումնասիրությունն ու հանրահռչակումը և խոստացել են աջակցել հուշարձանների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու հարցում:

Նույն օրը Վ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցում՝ ՊՄՊ մարզային ծառայության նախաձեռնությամբ, բացվել է Արագածոտնի մարզի պատմամշակութային հուշարձանների մասին պատմող ավելի քան 50 լուսանկարների ցուցահանդես, որը կտևի 10 օր:

2016-05-16T12:21:38+00:00 02 / 05 / 2016|Լրահոս, Նորություններ|