ՍՄԲԱՏԱԲԵՐԴ

/Պետ. ցուցիչ 9.10.1./

Գտնվում է Արտաբույնք գյուղի արևելյան կողմում` բլրի վրա: Բլուրը երեք կողմերից շրջապատված է ձորերով, իսկ հյուսիսային կողմից պարանոցով կապվում է ընդհանուր լեռնաշղթայի հետ: Այն պաշտպանված է ձորի բնական անառիկ քարերով:

Այս հանգամանքը ամենևին չի խանգարել դիրքն ամրացնել կրկնակի բարձր ու բրգաձև լայն պարսպով: Մատչելի է միայն հյուսիսային կողմը, որը ևս ամրացված է պարսպով: Պարիսպները շարված են սեպաձև մշակված բազալտե քարերով, կրաշաղախով, պատերի հաստությունը կազմում է 2-3 մ: Ներսում պարսպի երկարությամբ ձգվում են բնակելի շենքեր, որոնք գտնվում են ավերակ վիճակում:

Ամրոցի գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է, մեկական մուտքեր կան արևելյան և արևմտյան կողմերում: Հյուսիսային և արևելյան մուտքերը սրահավոր են, շարված բազալտի սրբատաշ քարերով, սրահի տանիքին կան պահակատներ և դիտակետեր, որոնք ևս ավերակ վիճակում են:

Ամրոցը ընդհանուր պատով բաժանված է հյուսիսային և հարավային մասերի: Երկու մասերում էլ կան միջնաբերդեր, ջրի ավազաններ, բնակելի շենքեր, որոնց թիվը հասել է շուրջ 123-ի: Ջուրը ամրոց է բերվել Ցախաց Քարից:Սմբատաբերդը Վայոց Ձորի և ընդհանրապես Սյունյաց աշխարհի խոշոր և անառիկ ամրոցներից է, որ գոյություն է ունեցել դեռևս V դարից առաջ: Վասակյանները` Եղեգիսը դարձնելով իրենց վարչաքաղաքական կենտրոնը, ամրոցը վերածել են ռազմական հենակետի:

Քաջբերունին նշում է. «Այդ պարիսպն իր հոյակապ դարպասներով հիշեցնում է Անի քաղաքը: Սմբատ II-ի կողմից կառուցված ամրությունների գիծը նույնպես քաղաքը պաշտպանել է հյուսիսային կողմից»: Հայ նշանավոր հնագետ, պատմաբան, վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը Սմբատաբերդի մասին գրել է. «Եղեգիս ավանը, Սմբատաբերդը և Ցախաց քարը՝ նախքան Օրբելյան իշխանների տիրապետության շրջանը, կազմել են ճարտարապետական, հոգևոր և քաղաքական մի ամբողջություն և Վասակյան տոհմի կենտրոնը` Վայոց Ձորում»:

Դեռ քանի դուրսը կանգնած նայում ես բերդի պարսպին և դարպասներին, ակամա կարծում ես, թե պարիսպի ներսը, բերդի մեջ, բազմաթիվ զինվորներ աջ ու ձախ շարժվախքով պատերազմական կենդանի մարզումներ են կատարում: Իսկ երբ ոտքդ դնում ես դարպասից ներս, արքիդ առաջ արձանանում են ամայի լեռնագագաթ, սեպաձև, ժայռեր, սենյակների փլատակներ, և խիտ առ խիտ քարակույտեր: Համոզվում ես, թե ինչ է եղել հինգ կա վեց դար առաջ այն` ինչ այժմ չկա: Այն դարի ժողովուրդը մեզ թողել է միայն ներկա փլատակները և քարակույտերը:

Օրբելյանների օրոք բերդը ավելի է ամրապնդվում: Ստույգ հայտնի չէ այս ամրոցի անունը: Այսպես է անվանվում թերևս այն պատճառով, որ Եղեգիսում է թաղված Օրբելյան թագակիր ասպետ Սմբատը, որը ենթադրաբար վերակառուցել է բերդը, սակայն կարծում ենք, որ այն կոչվել է Սյունյաց Սմբատ իշխանի անունով:

2016-05-10T12:51:30+00:00 10 / 05 / 2016|Լրահոս, Հուշարձաններ|