ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ ՈՒ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐԸ «ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐՈՒՄ»

Թանգարանների միջազգային օրվան և Թանգարանային գիշերվան նվիրված միջոցառումներ են անցկացվել նաև «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցում:

Թանգարանների միջազգային օրվա առթիվ Սիսիանի ավագ դպրոցի աշակերտները քայլարշավով քաղաքից հասել են «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց, որտեղ նրանց է միացել նաև Երևանից եկած երիտասարդների խումբը: Արգելոցի վարիչ Աշոտ Ավագյանը երկու խմբերի համար գիտաճանաչողական էքսկուրսիա է կազմակերպել հուշարձանի տարածքում: Ծոնթացրել է հուշարձանի պատմամշակութային ու գիտական նշանակությանը, համեմատություն անցկացրել եվրոպական նմանօրինակ հուշարձանների հետ:

Թանգարանային գիշերվա առթիվ «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցում բացվել է «Զորաց քարերը երեխաների աչքերով» խորագիրը կրող գեղանկարների ցուցահանդես: Ընդգրկվել են այն աշխատանքները, որոնք ստեղծվել էին դեռևս մի տարի առաջ՝ «Ճանաչենք մեր մշակութային ժառանգությունը» խորագրով անցկացված միջոցառման ընթացքում: Սիսիանի գեղարվեստի դպրոցի աշակերտների մասնակցությամբ հուշարձանի տարածքում ստեղծվել էին էտյուդներ, ապա՝ ընտրվել չորս տասնյակից ավելի լավագույն աշխատանքները: Այսօր պատանիների այդ ստեղծագործությունները ցուցադրվել են արգելոցի տարածքում՝ նկարակալների վրա տեղադրված: Արգելոցի վարիչ Աշոտ Ավագյանն իր ողջույնի խոսքում նշել է. «Սիսիանի գեղարվեստի դպրոցի ստեղծման օրվանից ավանդույթ է ձևավորվել, որ ամառային ամիսներին պատանիները բնության գրկում էտյուդներ են ստեղծում, այդ թվում «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում: Նմանօրինակ միջոցառումների նպատակը սյունեցի պատանիներին հայրենի հուշարձաններին ծանոթացնելն է և դրանց պահպանության գործում սրտացավ վերաբերմունք ձևավորելը»:

2016-07-11T15:37:48+00:00 20 / 05 / 2016|Լրահոս, Նորություններ|