ԹԱՆԱԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐԸ «ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ» ԵՎ ՄՈՄԻԿԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Թանգարանային գիշերը «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանն այցելուներ է ընդունել մինչև կես գիշեր: Արգելոց-թանգարանում անցկացված ՀՀ Անկախության հռչակման 25 ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցել են Վերնաշենի դպրոցի 27 աշակերտներ: Թանգարանի վարիչ Բարիս Քոչարյանի «Անկախությունը և մեր մարզի ձեռքբերումներն այդ տարիներին» զեկուցումից հետո աշակերտները ծանոթացել են թանգարանի ցուցադրությանը, կարծիքներ փոխանակել, հնչեցրել բազմաթիվ հարցեր, որոնց սիրով պատասխանել են արգելոցի աշխատակիցները: Օրվա առթիվ թանգարան են այցելել նաև Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, վարչությունների պետեր: Նրանց ուղեկցել է ՊՄՊ Վայոց Ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը: Օրվա ընթացքում «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանը մոտ 90 այցելու է ունեցել:

«Արփի» բնապատմական արգելոցի աշխատակիցները «Թանգարանային գիշերն» անցկացրել են արգելոցի տարածքում գործող Մոմիկի թանգարանում: Թանգարանի բազմաթիվ այեցլուների համար արգելոցի վարիչ Շաքե Ղարախանյանը ներկայացրել է «Մոմիկ ճարտարապետ-թանդակագործը հայոց մշակութային պատմության մեջ» թեմայով զեկույց: Մոմիկի անգնահատելի ժառանգությանը նվիրված զեկույցի շնորհիվ միջնադարի վարպետի մասին ուշագրավ մանրամասներ են լսել ոչ միայն Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներ, այլև՝ օտարերկրացիներ:

Թանգարանի այցելուների թվում են եղել նաև Արենի և Արփի համայնքների դպրոցների աշակերտները : Արգելոցի վարիչ Շաքե Ղարախանյանը նրանց նախ ներկայացրել է «Թանգարանային գիշերվա» խորհուրդը, ապա՝ անդրադարձել պատմամշակութային ժառանգության պահպանությանը: Թանգարանի գիտաշխատող Արշալույս Դավթյանը դպրոցականներին ծանոթացրել է թանգարանի ցուցադրությանը: Էքսկուրսիան շարունակվել է Նորավանքի տարածքում, երեխաները հարգանքի տուրք են մատուցել Նորավանքում հանգչող միջնադարի մեծ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի, Օրբելյան զորավարների հիշատակին: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՊՄՊ Վայոց Ձորի մարզային ծառայության գիտաշխատող Անի Խաչատրյանը, ով շնորհավորել է աշակերտներին` օրվա խորհրդի կապակցությամբ և ընդգծել, որ հուշարձանների պահպանության գործում շատ կարևոր է պատանիների ակտիվ մասնակցությունը:

Արգելոցի աշխատակիցներն այցելուներ են ընդունել մինչև կեսգիշեր:

2016-05-23T13:40:18+00:00 23 / 05 / 2016|Նորություններ, Նորություններ|