ՀԻՆ ԳՈՐԻՍ ԳՅՈՒՂԱՏԵՂԻԻ ՍԲ. ՀՌԻՓՍԻՄԵ ԵԿԵՂԵՑԻՆ

Հայտնի է, որ XVI-XVII դարերում Սյունիքում և Արցախում իրենց ազդեցիկությամբ աչքի էին ընկնում մելիքական ընտանիքները: Թուրք-պարսկական տիրապետության շրջանում ձեռք բերած որոշակի իրավունքների շնորհիվ այդ ընտանիքները վճռորոշ դերակատարություն են ստանձնում տարածաշրջանի կառավարման գործերում: Սյունիքում մելիքությունները այն ծանրակշիռ ուժերն էին, որոնց շնորհիվ ազգային ազատագրական շարժումները թևակոխեցին միանգամայն որակական նոր փուլ: Ռազմաքաղաքական գործունեությունից զատ՝ մելիքները նախաձեռնում էին նաև շինարարական աշխատանքներ: Շինարարական գործունեությամբ հատկապես աչքի է ընկնում Հին Գորիսում հաստատված մելիք Օհան Բաբուռի սերունդներից Մելիք Օհանը: Վերջինս XVIII դարի երկրորդ կեսի նշանավոր դեմքերից էր, ում իշխանությունը տարածվում էր Կյորես, Խոտ, Հալիձոր, Քարահունջ, Ալիղուլիշեն, Մաղանջուղ և Կյուրու գյուղերի վրա:

Հին Գորիս գյուղատեղիի Սբ. Հռիփսիմե եկեղեցին (պետ. ցուցիչ` 8.3.2.65)` ելնելով դարաշրջանին բնորոշ առանձնահատկություններից, ըստ մոտավոր հաշվարկների, թվագրվել է XVII դարով: Սակայն վերջերս եկեղեցու հարավային մուտքի բարավորի վրա բացվել է ուսումնասիրողներին մինչ այդ անհայտ մի արձանագրություն, որը վերծանվել ու լուսաբանվել է: Քառատող արձանագրությունն ունի հետևյալ բովանդակությունը. «ՅԻՇԱՏ(Ա)Կ Է ԵԿԵՂԵՑԻՍ ՊԱՂԸՐԻ ՈՐԴԻ ՄԵԼԻՔ ՕՀԱՆԻՆ ԹՎ(Ի)Ն ՌՄԻԵ»: Փաստորեն, արձանագրությունից տեղեկանում ենք ոչ միայն ում հիշատակին է կանգնեցվել այն, այլև հստակեցվել է կառուցման թվականը (1776 թ.): Եկեղեցու կառուցման նախաձեռնողը եղել է հենց ինքը` Մելիք Օհանը: Այն միանավ բազիլիկ կառույց է, ունի երկու մուտք` արևմտյան և հարավային պատի վրա, չորս պատուհան` մեկական արևելյան և արևմտյան պատերին և երկուսը` հարավային պատին: Կառույցին հյուսիսային կողմից կցված են երկու սենյակներ, որոնցից մեկի մուտքը եկեղեցու ներսից է: Այն ծառայել է որպես ավանդատուն: Ավանդատանը կցված մյուս սենյակի մուտքը դրսից է` արևմտյան կողմից: Սենյակի ներսում վառարանի առկայությունը հուշում է, որ, ամենայն հավանականությամբ, այն ծառայել է որպես հոգևորականների կացարան: Եկեղեցու պատերը շարված են անմշակ բազալտով: Մուտքերի և լուսամուտների շրջանակները, պատերի անկյունային հատվածները և ներսի միակ որմնակամարը շարված են հիանալի մշակված բազալտով: Ուշ շրջանում ներսից և դրսից ծեփվել է կրաշաղախով: 2010թ. եկեղեցու շրջակայքում կատարված հնագիտական պեղումներից պարզ դարձավ, որ այն չունի գետնախարիսխ և պատերը շարված են անմիջապես ժայռի վրա: Եկեղեցին, փաստորեն, կառուցված չէ մեկ այլ, ավելի հին կառույցի հիմքերի վրա: Սակայն, պեղումներից հայտնաբերված եկեղեցական կառույցի մի շարք մանրամասներ (հավասարաթև խաչապատկերով բազալտե հիանալի մշակված ուղղանկյուն քար, կամարաձև շքամուտքի բեկոր, միանման զարդանախշեր կրող երկու բազալտե քարեր, որոնք, ըստ ամենայնի, քիվեր են, շրջանաձև, լավ մշակված հարթ մակերեսով բազալտե քար, որը հավանաբար եղել է սյան խարիսխ) վկայում են վաղ շրջանում եկեղեցու գոյության մասին, որի տեղում էլ ըստ էության կառուցվել է նորը: Նմանատիպ քարեր կան պահպանված նաև եկեղեցու շարվածքի մեջ, որոնք` ըստ որոշ մասնագետների, թվագրվում են VII-VIII դարերով:

Սբ. Հռիփսիմե եկեղեցին ցարական շրջանում վերանորոգվել է, իսկ խորհրդային տարիներին վերածվել ակումբի: 2009-2013թթ. եկեղեցին վերականգնվել է «Երկիր և մշակույթ», «Վիեն Գորիս» կազմակերպությունների և Վիեն քաղաքի տրամադրած միջոցներով:

Օգտագործված գրականություն
1. Ս. Բարխուդարյան, Դիվան Հայ վիմագրության, պրակ 2-րդ Երևան, 1960
2. Ստ. Լիսիցյան, Զանգեզուրի Հայերը, Երևան, 1968
3. Г. Мирзоян, Весь Сюник, Москва, 2005

2016-06-10T14:03:41+00:00 25 / 05 / 2016|Լրահոս, Հուշարձաններ|