ՔԱՐԱՇԱՄԲԻ ԴԱՄԲԱՐԱՆԱԴԱՇՏԸ

Կոտայքի մարզ, պետ. ցուցիչ` 6.66.2.1:

Հուշարձանը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղից հարավ-արևմուտք, Արագետի ստորին հատվածի բարձրադիր ափին: Շուրջ կեսդարյա պեղումների և ուսումնասիրությունների ընթացքում դամբարանադաշտում մաքրվել, բացվել ու չափագրվել են մոտ 1500 դամբարանային համալիրներ, որոնք ընդհանուր առմամբ վերաբերում են միջին բրոնզի- վաղ երկաթի շրջաններին և տեղավորվում են մ.թ.ա. XXII/XXI- X/IX դդ. ժամանակագրական սահմաններում: Իսկ դա նշանակում է, որ Քարաշամբի դամբարանադաշտը անընդմեջ օգտագործվել է շուրջ 1200-1300 տարի:

Դամբարանային կառույցները սահմանազատվել են միջին մեծության քարերից կազմված շրջանային շարերով (կրոմլեխներով), որոնց կենտրոնում զետեղվել են առավելապես հյուսիս-հարավ կողմնորոշում ունեցող հիմնահողային դամբարանախցերը: Դրանք հիմնականում փակվել են տարբեր չափերի ու քանակի բազալտե տափակ սալաքարերով: Դամբարանախցի զգալի մասը լցվել ու զմռսվել էր տարբեր հաստության ու ամրության կրաշաղախի կամ կավալուծույթի շերտով: Այստեղ թաղումները հիմնականում անհատական են: Դամբարանախցի հատակին տեղադրված հանգուցյալների մասունքները վատ են պահպանվել: Հանդիպում են նաև կմախքների որոշ հատվածների բացակայություն, ոսկորների կոտրատման ու իրարից անջատման դեպքեր: Առավել հաճախ են ստորին ծնոտների բացակայությունը, կամ դրանց միտումնավոր հեռու տեղադրումը գանգերից: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ թաղման ծեսի ընթացքում դամբարանադաշտում երբեմն իրականացվել է դիամասնատման (դեկարնացիայի) արարողություն:

Դամբարանային համալիրների պեղումներից հայտնաբերվել են միջին բրոնզեդարյան-վաղ երկաթեդարյան շրջափուլերի նյութական մշակույթի արժեքավոր նմուշներ: Այդ թվում՝ իշխանության խորհրդանշաններ (ոսկե, էլեկտրումե և արծաթե գավաթներ, զինանշան, գլանաձև կնիք), քարե կուռք-ֆալլոսներ, կավանոթներ (ամենօրյա, խոհանոցային և ծիսական), սպառազինության նշաններ (սակր, դաշույններ, նիզակներ, զրահաշապկի մասեր, նետասլաքներ), ոսկե, բրոնզե, արծաթե, ծարիրե և երկաթե պերճանքի առարկաներ (ականջօղեր, մատանիներ, ապարանջաններ, շքասեղներ, վզնոցներ, կախիկներ, օձագալար միջնամասով շրջանաձև հերակալներ) և այլն: Հատկապես առանձնանում է միջին բրոնզեդարյան իշխանական դամբարանից հայտնաբերված արծաթե դրվագազարդ գավաթը, որը եզակի երևույթ է Հայաստանի և Անդրկովկասի բրոնզեդարյան հնագիտության մեջ:

Դամբարանադաշտից պեղված նյութական արժեքները հնարավորություն են ընձեռում նաև որոշ վերակազմություններ կատարել քարաշամբյան հասարակության սոցիալական կառուցվածքի, առևտրատնտեսական հարաբերությունների, ծիսապաշտամունքային պատկերացումների, մշակութային փոխառնչությունների և կենսագործունեության այլ ոլորտների վերաբերյալ:

Օգտագործված գրականություն
1. Քարաշամբի դամբարանադաշտի նյութական մշակույթը /մ.թ.ա. III-I հազ./
2. Երևան «Լեգալ պլյուս» հրատարակչություն, հուշարձանի նկարագրական – բնութագրական տեղեկանք:
3. ՊՄՊ ծառայության տեղազննություններ, ուսումնասիրություններ և դիտարկումներ:

2016-06-13T16:22:48+00:00 13 / 06 / 2016|Լրահոս, Հուշարձաններ|