ԵԿԵՂԵՑԻ ԿՈՒՍԱՆԱՑ ԱՆԱՊԱՏ /ՏԻՐԱՄՈՐ ԵԿԵՂԵՑԻ/

Լոռու մարզ, գյուղ Հաղպատ, պետ. ցուցակ N 5.60.16

Հաղպատավանքից դեպի արևելք` Սուրբ Լույս (Սբլիս) բլրի լանջին է գտնվում Կուսանաց անապատը` Սուրբ Տիրամոր եկեղեցով:

Հավատացյալ հայ քրիստոնյաների շրջանում յուրահատուկ նշանակություն է ունեցել Սուրբ Տիրամայրը: Աղոթքներում հաճախ հիշատակվելով առանձնահատուկ վերաբերմունքի է արժանացել Աստվածամոր բարեխոսության միջնորդությունն առ Աստված:

Արտաքին տեսքով ուղղանկյուն, ներքին լուծմամբ խաչաձև հատակագիծ ունեցող գմբեթավոր փոքր եկեղեցի է: Գմբեթը հենվում է խաչաթևերի միացման անկյունների հետ համատեղված որմնամույթերից ելնող կիսաշրջանագծային կամարների վրա: Սրածայր վեղարով պսակված, բարձր, ութանիստ (ներքուստ` կլոր) թմբուկը հարդարված է անկյունների զույգ որմնասյուներից բարձրացող եռակենտրոն որմնակամարներով:

Մուտքն արևմուտքից է, ունի հարուստ և արտահայտիչ եզրակալ` բարավորի մասում մշակված կիսաշրջանաձև դասավորված շթաքարե ուշագրավ մոտիվով: Պատերը ներքուստ եղել են սվաղված, մնացորդների վրա նկատելի են որմնանկարների հետքեր: Կառուցման կոնկրետ ժամանակը հայտնի չէ: Ընդհանուր հորինվածքով, համաչափություններով, գեղարվեստական հարդարման տվյալներով այն բնորոշ է միջնադարին: Ինչպես երևում է մուտքի բարավորի արձանագրությունից՝ եկեղեցին նորոգվել է 1676 թ. Եկուլանց Զալի և իր կնոջ ջանքերով: 1983 թ. ամբողջությամբ սալապատվել են եկեղեցու կտուրը, աղոթասրահի հատակը, փոխարինվել են պատերի քայքայված երեսաքարերը: Եկեղեցու հարավային կողմում՝ պատվանդանների վրա, կողք-կողքի շարված են երեք խոշոր, նրբաքանդակ խաչքարեր: Շուրջը տարածվում է միջնադարյան գերեզմանոց: XIX դ. սկզբին պահպանված են եղել անապատի տարածքը շրջափակող կիսավեր պարիսպը, կիսաքանդ ճգնախցեր և ջրագծերի թրծած կավե գունգերի (խողովակների) մնացորդները (ջուրը բերվել է Աղթանց փոս վայրից):

2016-07-11T15:07:36+00:00 15 / 06 / 2016|Լրահոս, Հուշարձաններ|