«ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ի ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՀ ՀՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ ՆՈՐ ՈՐԱԿ Է ՍՏԱՆՈՒՄ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի միջև 2013թ. կնքված փոխհամագործակցության համաձայնագրի շրջանակներում ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը, ՊՈԱԿ-ի «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան» մասնաճյուղի վարիչ Արտավազդ Զաքյանը և ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիայի վարիչ Տիգրան Զաքյանը՝ Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի տնօրեն Քշիշտոֆ Յակուբյակի հրավերով ս/թ հունիսի 8-13-ը այցելել են Վարշավա:

Գիտական համագործակցության շրջանակներում Երևանում և Վարշավայում կազմակերպվող կոնֆերանսները նվիրված են Հայաստանի հնագիտությանը, ՀՀ տարածքում կատարվող պեղումներին և հատկապես Մեծամորի հնավայրում հայ- լեհական համատեղ պեղումներին: Այս առումով բացառություն չէր նաև հունիսի 9-ին անցկացված գիտաժողովը, որն իր ներկայությամբ պատվել է Լեհաստանի հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը: Դեսպանն իր ողջույնի խոսքում՝ բարձր գնահատելով հայ-լեհական գիտական համագործակցությունը, կարևորել է երկու կառույցների կողմից հուշարձանների պահպանության, ուսումնասիրության, հանրահռչակման ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Լեհաստանի հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով պարգևատրել է Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր Քշիշտոֆ Յակուբյակին, իսկ նույն ինստիտուտի դոկտորանտ Մատեուշ Իսկրային` պատվոգրով:

Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես են եկել ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը՝ «Հնագիտական հետազոտությունները Հայաստանի հարավում» և «Հնագիտական պեղումներ Զորաց քարեր հնավայրում», իսկ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան մասնաճյուղի վարիչ Արտավազդ Զաքյանը ՝ «Ուրարտական բանակի կառուցվածքը և սպառազինությունը» թեմաներով։ ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիայի վարիչ Տիգրան Զաքյանը հանդես է եկել «Հնագիտական առարկաների վերականգնումը Հայաստանում» թեմայով, Լեհաստանի Հնագիտության ինստիտուտի տնօրեն, հնագիտության դոկտոր Ք. Յակուբյակը՝ «2013-2015թթ Մեծամոր հնավայրի պեղումները» զեկուցումներով։ Հնագիտության մագիստրանտ Օտտո Բագին «Մեծամոր հնավայրի և հնագիտական գտածոների եռաչափ մոդելավորում» զեկուցումն է ներկայացրել։

Միջոցառումները շարունակվել են հունիսի 11-ին՝ Լեհաստանի Մռոնգովո քաղաքում, Մազուրիա երկրամասի երկրագիտական թանգարանում, որտեղ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի և «Էթնոս» գիտական հետազոտությունների կենտրոնի համատեղ ջանքերով բացվել է Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը նվիրված «Հայաստանի հնագիտական ժառանգությունը» թեմայով ցուցահանդես, որտեղ ներկայացվել են հայ-լեհական արշավախմբի աշխատանքների արդյունքները, ինչպես նաև Հայաստանի պատմամշակութային և հնագիտական վայրերը: 13 պաստառների և մեծ էկրանի միջոցով ժամանակագրական հերթականությամբ ներկայացվել են Հայաստանի հնագիտական հարուստ ժառանգությունը, պատմամշակութային հուշարձանները: Առանձին պաստառներով ներկայացվել են նաև ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցներն ու արգելոց-թանգարանները։ Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Մռոնգովոյի քաղաքագլուխ տիկին Օտոլիա Աննա Սիեմիենիչը, տարածաշրջանի թանգարանների և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, լրագրողներ, հյուրեր:

Նշենք նաև, որ այս ցուցահանդեսը Մռոնգովոյում գործելու է մինչ հուլիսի վերջը, որից հետո այն կտեղափոխվի Վարշավայի համալսարան, այնուհետև՝ կցուցադրվի Լեհաստանի այլ քաղաքներում: