ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ

Լոռու մարզ, գ. Աքորի, պետ. ցուցիչ N 5.22.7

Սուրբ Գևորգ եկեղեցական համալիրը գտնվում է Աքորի գյուղի կենտրոնական մասում: Այն բաղկացած է պատմական տարբեր ժամանակներում կառուցված երկու շինություններից: Նախնականը (XIII դ.) արևելյան կողմի միանավ սրահն է` կիսաշրջանաձև խորանով: Թաղածածկը, որը միջին մասում ուժեղացված է եղել պահունակների վրա բարձրացող կամարով, չի պահպանվել: Եկեղեցին լուսավորվել է խորանի վերնամասում կառուցված երկարաձիգ և հարավային պատի կլոր պատուհաններից: XIX դարում արևմտյան կողմից սիմետրիկ տեղադրությամբ հավելվել է ավելի լայն սրահ` վերացնելով արևելյան եկեղեցու արևմտյան պատը: Դրա հետ կապված` բեմը խորանից առաջ է բերվել մոտ 3 մ: Մուտքը արևմուտքից է, երկու կողմում կան պարզ գծագրությամբ խաչեր: Արևմտյան պատուհանն ունի զարդաքանդակներով եզրակալ: Պատերն արտաքուստ սրբատաշ են, իսկ ներսից՝ մանր կոպիտ մշակված քարերով սվաղված:

Եկեղեցու շրջակայքում տարածվում է միջնադարյան գերեզմանոցը՝ յուրահատուկ տապանաքարերով:

Հուշարձանն ուշագրավ է հին ու նոր շինությունների զուգադրմամբ:

2016-07-28T11:40:03+00:00 21 / 07 / 2016|Լրահոս, Հուշարձաններ|