ՍԱՆԱՀԻՆԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆՆ ՈՒ ԿԱՄՈՒՐՋԸ

Սանահինի զանգակատունը համալիրի գլխավոր կառույցներից մեկն է՝ եռահարկ առանձին շինություն: Կառուցվել է 12-րդ դարի վերջին կամ 13-րդ դարի սկզբին: Հետագայում նորոգվել է, սակայն դրա հետևանքով ոչ մի էական փոփոխություն զանգակատան կառուցվածքի մեջ չի կատարվել: Այն ամբողջ համալիրում մի ուշագրավ շինություն է, որն ուղղակի անհնար է չնկատել: Այս զանգակատունը Հայաստանի նմանօրինակ ամենավաղ կառույցներից մեկն է՝ պսակված բազմասյուն զանգաշտարակով։

Եկեղեցու զանգը հայ մարդու հոգևոր կյանքում հստակ առաքելություն է ունեցել: Զանգի ղողանջները կարծես արթնության, զգաստության կոչ են հնչեցրել: Հոգևորականների ու հավատացյալ քրիստոնյաների համար այն տարբեր իրադարձությունների նշան էր: Հնում, երբ եկեղեցու զանգի ղողանջը լսում էին, մարդիկ մտածում էին. այն իրենց հրավիրում է աղոթքի՞, թե՞ պատերազմի է կոչում: Այսինքն՝ եթե հակիրճ ասվի, ապա եկեղեցու զանգը կարևորագույն գործոն էր հայոց հասարակական և կրոնական կյանքի կազմակերպման գործում: Այսօր էլ այն ունի իր ուրույն դերն ու նշանակությունը:

Զանգակատներն առաջացել են 4-ից 6-րդ դարերում, երբ առաջ են եկել համեմատաբար մեծ, հատուկ կառուցվածք պահանջող զանգերը: Առաջին զանգակատները փայտե քառանկյուն աշտարակներ էին, իսկ 13-րդ դարից սկսած 2-3 հարկանի վեղարածածկ գմբեթավոր քարե կառույցներ են: Ի տարբերություն Արևմտյան Եվրոպայի զանգակատների, հայկական նույն նշանակությամբ կառույցները իրենց հորինվածքով կարծես լրացնում են գլխավոր կառույցը՝ Մայր Եկեղեցին։

Սանահինի վանական համալիրի մեկ այլ նշանավոր կառույցներից մեկը Սանահինի հանրահայտ կամուրջն է։ Այս կամուրջը գտնվում է Ալավերդի-Սանահին հին ճանապարհի մի հատվածում ՝ միացնելով Դեբեդի երկու ափերը: Կամուրջն աչքի է ընկնում իր հետաքրքիր կառուցվածքով. առաջին հայացքից անհամաչափ է՝ մի կողմը բարձր ժայռի վրա է, իսկ մյուսը՝ գետի ցածր ափին: Լոռու մի քանի տասնյակ կամուրջ-հուշարձանների մեջ ամենամեծ միաթռիչք կամար ունեցող կամուրջն է, որը կառուցվել է 1195 թ.:Կամրջի վրա մի խաչքար կա, որի վրա էլ, հավանաբար, եղել է կառուցման թվականը, սակայն 18-րդ դարի արշավանքներից մեկի ժամանակ ասպատակողները խաչքարի գլխի հատվածից կոտրում են, հետագայում այն նորից ամրացվում է իր տեղում, բայց այն հատվածը, որի վրա կառուցման թվականն է եղել, այդպես էլ չի գտնվել: Այդ է պատճառը, որ կամրջի կառուցման ճշգրիտ թվականը մինչև այսօր էլ անհայտ է: Պատմական աղբյուրները վկայում են, որ այն կառուցել է հայոց Վանենի թագուհին՝ իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին:

Դեբեդի վրա կառուցված կամուրջը դարեր շարունակ Սանահինը Հաղպատի մենաստանի հետ կապող միակ ուղիղ ճանապարհն է եղել, որն, ի դեպ, մինչև այսօր էլ օգտագործվում է:

2016-08-05T15:56:49+00:00 29 / 07 / 2016|Լրահոս, Հուշարձաններ|