ԱՂՍՏԵՎԻ ՀՈՎԻՏ ԵՎ ԴԻԼԻՋԱՆ

Աղստևի հովիտը սփռված է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում:

Աղստևի հովիտն աչքի է ընկնում ոչ միայն իր անկրկնելի բնությամբ, այլև անձեռակերտ հուշարձանների, միջնադարյան ճարտարապետական շինությունների բազմազանությամբ:

Դեռ վաղ ժամանակներից իր վրա է հրավիրել ճանապարհորդների, գրողների, նկարիչների , պատմաբանների, զինվորականների և հասարակական գործիչների ուշադրությունը:

Ռուս գեներալ Դ. Մարդովցևը իր հուշագրություններում նշում է. <<Աղստևի հովիտը և Դիլիջանը հմայում են իրենց աննկարագրելի գեղեցկությամբ: Ճոխ բուսականությունն ու լեռների խրոխտ կատարները, սաղարթախիտ ու բարձրակատար ծառերը ստիպում են քեզ չհավատալ, որ հասարակածից բավականին հեռու ես…>>:

Հայ մեծանուն գեղանկարիչ Գ. Բաշինջաղյանը իր ճանապարհորդական նոթերում գրում է. <<Դիլիջանի ձորը հիացրեց ինձ: Այն նման է կուսական անտառների մեջ մեծացած մատաղահաս գեղեցկուհու, որի կրակոտ աչքերը արտահայտում են անվեհերություն, բնական պարզություն և անմեղություն>>:

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Զ. Վ. Գոլուբցևան Դիլիջանի տուրիստական հանգրվանի տպավորությունների գրքում արել է հետևյալ գրառումը. <<Մնաս բարով,արևի ու անտառի երկիր,մնաս բարով Դիլիջան, ես հեռվում միշտ կերազեմ քո հինավուրց տաճարները, բարձր լեռները ու քաղցր ջուրը, կենարար օդը, քո խենթ ու խայտուն Աղստևը>>:

Ռուս հայտնի լրագրող Յու. Կրիլովան Հայաստանին նվիրված իր գրքում գրել է. <<Ասում են՝ եթե դրախտում էլ անտառներ լինեին, հանքային ջրեր ու մաքուր օդ, ապա դրախտը կնմանվեր Դիլիջանին>>:

Աղստևի հովտում առաջին հնագիտական ուսումնասիրությունները կատարվել են 1850-ական թվականներին Դիլիջանի Ռեդկին լագեր կոչվող վայրում: Այդ վայրի անունն առաջացել է ճանապարհաշինարար, ինժեներ Ռեդկինի անունից, որն իր ճամբարը տեղադրել էր քաղաքից 6 կմ հյուսիս` Աղստև գետի աջ ափին: Դիլիջանում պեղումներ են կատարել ճարտարապետ Վայս Ֆոն-Վայսենհոֆը և Կովկասի հնագիտություն սիրողների ընկերության քարտուղար Վիրուբովը, պատմաբան-հնագետներ` Ֆիլիմոնովը,Մուրյեն: 1942թ. ակադեմիկոս Բ. Բ. Պիատրովսկու գլխավորած արշավախումբը շարունակելով և միաժամանակ ամփոփելով նախորդ փուլերի պեղումների արդյունքները` հստակեցրեց ոչ միայն այդ դամբարանադաշտի թվագրումը, այլև այն հիմք ծառայեցրերց Անդրկովկասի մի շարք հուշարձանների ժամանակագրությունը ճշտելու համար: Այս նյութերի հիման վրա դամբարանադաշտի և դամբարանների ուսումնասիրությամբ հետագայում զբաղվել են հնագետ Հ. Ա. Մարտիրոսյանը և պատմական գիտությունների դոկտոր Ս. Ա. Եսայանը: Գիտնականները հանգել են այն եզրահանգմանը, որ այստեղ թաղումներ կատարվել են դեռևս մ.թ.ա. III հազարամյակից և ապա ավելի ուշ՝բրոնզե և երկաթե դարերում:

Հայաստանի դարավոր մշակույթի մեջ իր ուրույն տեղն է գրավում Աղստևի հովտի ճարտարապետությունը` իր մեջ մարմնավորելով հայ ժողովրդի ստեղծագործական մտքի թռիչքն ու կառուցողական արվեստը: Այս տարածքի մշակութային կյանքը աննախադեպ ծաղկում ապրեց XI-XIV դարերում, երբ Աղստևի հովիտը անցնում է Արծրունիների և Զաքարյան իշխանների տիրապետության ներքո: Կառուցվում են մի շարք վանական համալիրներ, վերելք է ապրում քանդակագործությունը և որմնանկարչությունը: Առևտրական ճանապարհների վրա կառուցվում են կամուրջներ և քարավանատներ: XII-XIV դարերում զարգանում է խաչքար-կոթողների արվեստը: Ճարտարապետական այս անզուգական հորինվածքները աշխարհիկ կյանքի կոթողներ են, քանդակագործության կատարյալ նմուշներ, որոնց բնորոշ է զարդաքանդակների անկրկնելիությունը:

Աղստևի հովտում են ապրել և ստեղծագործել միջնադարյան Հայաստանի նշանավոր մտավորական-այրեր Մխիթար Գոշը, Խաչատուր Տարոնեցին,Կիրակոս Գանձակեցին, ճարտարապետ-քանդակագործ վարպետներ Գրիգորէսն ու Մինասը, խաչարձաններ կերտող Պողոսը և ուրիշներ:

Օգտագործված գրականություն

1. Ի.Բ Էլլարյան, Աղստևի hովտի պատմության և կուլտուրայի հուշարձաններ, Երևան, 1980թ.:
2. Հ. Ջանփոլադյան , Մխիթար Գոշը և Նոր Գետիկի վանքը, Երևան 1948թ.:
3. Есаян С.А. Древняя культура племен Северо-Восточной Армении, Ер. 1976г.

2016-08-05T16:30:28+00:00 03 / 08 / 2016|Լրահոս, Հուշարձաններ|