ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ` ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայությունների պետերի տեղակալների համար, «Էթնոս» էթնո-մշակութային գիտական հետազոտությունների կենտրոն» հ/կ նախաձեռնությամբ, կազմակերպվել էր ուսուցողական դասընթաց` հնագիտական ժառանգությունը թեմայով: Առօրյա աշխատանքի ընթացքում հուշարձանների պահապանները, մարզային ծառայությունների պատասխանատուները բավական հաճախ են առնչվում հնագիտության ոլորտի խնդիրներին, որոնք պահպանությունից բացի ընկալման, արժևորման և պարզաբանման կարիք ունեն:

«Հնագիտական ժառանգությանն առնչվող դասընթացը կօգնի կողմնորոշվել հենց այդ հարցերում: Հնագիտությունը միայն պեղումներ իրականացնելը չէ, կան բազմաթիվ խնդիրներ, օրինակ այս կամ այն հուշարձանի թվագրումը, մշկութային պատկանելիությունը, պատմական մեկնաբանությունը»,-բացման խոսքում նշեց ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը:

Նրա փոխանցմամբ,դասընթացի ընթացքում մ/ծ աշխատակիցները կծանոթանան Հայաստանի հնագիտական արդի պարբերացմանն ու ժամանակագրությանը, փաստացի նյութի միջոցով կծանոթանան քարեդարյան, պղնձե քարեդարյան /էնեոլիթյան/, բրոնզեդարյան, երկաթեդարյան, անտիկ և հելլենիստական, ինչպես նաև միջնադարյան նյութական մշակույթի շարժական ու անշարժ հուշարձաններին, կյուրացնեն այն նախնական գիտելիքները, որով հնարավոր է տարածքում նկատել և առանձնացնել այս կամ այն պարբերաշրջանին վերաբերող բնակատեղիները, դամբարանադաշտերը, պարզել դրանց ուղղվածությունը, ինչպես նաև նախնական եզրակացություն տալ մշակութային այն շերտի մասին, որոնք առաջին հայացքից նկատվել են այդ հուշարձանների հայտնաբերման կամ պատահաբար բացման ժամանակ:

«Դասընթացից ստացած գիտելիքները հնարավորություն կտա ավելի հստակ բնորոշել հայտնաբերված կամ բացված հուշարձանի պատկանելիությունը, ժամանակային սահմանները և համապատասխան եզրակացություններ, զեկուցագրեր կազմելիս առավել հստակ ներկայացնել հուշարձանի մշակութային առանձնահատկությունը, ժամանակը և հայտնաբերված նյութերի հավաքածուն», -ասաց ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը:

Հաշվի առնելով հանգամանքը, որ մարզային ծառայությունների պատասխանատուները մասնակցում են նաև մարզպետարանների նիստերին, ապա հողահատկացումներին կամ հուշարձաններին վերաբերող հիմնախնդիրների առիթով ևս մ/ծ աշխատակիցների ներկայացրած հիմնավորումներն ու առաջարկություններն առավել մասնագիտական բնութագրում կունենան: Գիտելիքները կօգնեն նաև հուշարձանին պատճառված վնասի վերաբերյալ` իրավապահ մարմիններին հասցեագրվող արձանագրություններ ու ակտեր կազմելիս:

Ներկայացնելով հնագիտության զարգացումը Հայաստանում, Ա. Փիլիպոսյանը նշեց, որ առաջին պեղումները սկսվել են 20-րդ դարասկզբին և Նիկողայոս Մառի գլխավորած առաջին արշավախմբում իրենց մկրտությունն են ստացել Արամ Վրույրը, Նիկողայոս Ադոնցը, Թորոս Թորամանյանը, Հովսեփ Օրբելին, այլք: Անդրադարձ եղավ 1959 թ. ՀՀ ԳԱԱ կազմում Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի ստեղծմանն ու ներկա գործունեությանը, նշվեց, որ Հայաստանի հուշարձանների տարածքներում ամեն տարի 50-ից ավելի հնագիտական արշավախումբ է աշխատում`օրինակ հայ-լեհականը` Մեծամոր հնավայրի, հայ-ֆրանսիականը` Էրեբունի արգելոցի, հայ-ամերիկյանը` Արենիի հուշարձանների տարածքներում:

Դասընթացի մասնակիցներին պարզաբանվեց նաև պեղումներին մասնակցելու անհրաժեշտ չափորոշիչները, ինչպես նաև արշավախմբի աշխատանքի ավարտին հնագիտական նյութերի, գտածոների, իրերի ու առարկաների հետագա ճակատագիրը:

ՊՄՊ մարզային ծառայությունների պատասխանատուները մեծ ակտիվություն ցուցաբերեցին, դասախոսությունն ուղեկցվեց հարց ու պատասխանով:

Հաջորդ դասընթացը հուլիսի 22-ին է: ՊՄՊ մարզային ծառանությունների պետերի ու գիտաշխատողների համար նույնաբովանդակ ուսուցողական դասընթաց կանցկացվի օգոստոսի 18-ին և 29-ին: Ավարտին` մասնակիցներին համապատասխան վկայագրեր կտրվեն:

2016-08-19T14:08:56+00:00 16 / 08 / 2016|Լրահոս|Comments Off on ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ` ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ