ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻՆ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ Մ/Ծ ՊԵՏԵՐՆ ՈՒ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

«Էթնոս» էթնո-մշակութային գիտական հետազոտությունների կենտրոն» հ/կ նախաձեռնությամբ կազմակերպված և օգոստոսի 18-ից մեկնարկած «Հնագիտական ժառանգությունը» թեմայով ուսուցողական դասընթացի այսօրվա մասնակիցները «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայությունների պետերն էին ու գիտաշխատողները: Պատմամշակութային ժառանգության պահպանության, հանրահռչակման ու ուսումնասիրման համար պատասխանատու վերոնշյալ անձինք շատ հաճախ առնչվում են հնագիտական ոլորտի խնդիրներին, որոնք ճիշտ ընլակման ու ներկայացման կարիք են ունենում:

ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանն իր խոսքում նշեց, որ հուշարձանների տարածքներում արձանագրվող իրավախախտումների փաստերով մ/ծ պատասխանատուները ահազանգում են ոստիկանություն, նաև` դատախազություն:

«Իրավական գնահատականի համար շատ կարևոր է պատճառված վնասի վերաբերյալ` իրավապահներին հասցեագրված արձանագրությունների ու ակտերի մասնագիտական ու գրագետ ձևակերպումները: Վերոնշյալ դասընթացը միտված է նաև այդ նպատակին` հնագիտության ոլորտի գիտելիքների բազայի համալրմանը: Հուսով ենք, որ մ/ծ պատասխանատուների առաջարկություններն առավել նեղ մասնագիտական բնութագրում կունենան նաև տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ առնչվելիս, երբ խնդիրները վերաբերում են հուշարձաններին կամ հողահատկացումներին»,- ասաց նա:

Ա. Փիլիպոսյանը դասընթացի մասնակիցների հետ խոսեց նաև Հայաստանի հնագիտական տարբեր ժամանակաշրջաններն ընդգրկող հուշարձանների մասին: Նրա փոխանցմամբ, ստացած գիտելիքները թույլ կտան մասնագիտական եզրակացություններ կազմելիս առավել հստակ ներկայացնել հուշարձանի մշակութային առանձնահատկությունը, ժամանակը:

Հայ-լեհական հնագիտական արշավախումը, որի հայկակական կողմի ղեկավարն Ա. Փիլիպոսյանն է, արդեն մի քանի տարի հնագիտական պեղումներ է իրականացնում «Մեծամոր» հնավայրի տարածքում: Առաջիկայում նրանք կվերսկսեն աշխատանքը և ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը համոզված է, որ այս տարի դրանք առավել մեծ ծավալով կիրականացվեն: Ա. Փիլիպոսյանը մարզային ծառայությունների պատասխանատուներին տեղեկացրեց, որ ծրագրով նախատեսվում է նաև այցելություն հնավայրի տարածք` ուսումնական պարապմունք անցկացնելու և հնագիտական աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու համար:

2016-08-23T12:05:39+00:00 18 / 08 / 2016|Լրահոս|Comments Off on ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻՆ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ Մ/Ծ ՊԵՏԵՐՆ ՈՒ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ