ԱՄՓՈՓՎԵԼ Է «ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՄԱՅՈՎ ՏԵՍԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ

«Էթնոս» էթնո-մշակութային գիտական հետազոտությունների կենտրոն» հ/կ նախաձեռնությամբ օգոստոսի 16-ից մեկնարկած «Հնագիտական ժառանգությունը» թեմայով քառօրյա ուսուցողական տեսական դասընթացն այսօր ամփոփվել է: Հնագիտության ոլորտի գիտելիքների հարստացմանը միտված դասընթացին մասնակցել են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային ծառայությունների պետերը, տեղակալները և գիտաշխատողները։

ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը դասընթացի վերջին օրը ունկնդիրներին ներկայացրեց Ուրարտու-Հայաստան պատմամշակութային զարգացումներին, անտիկ Հայաստանի պատմությանն ու մշակույթին և Միջնադարյան Հայաստանի մշակույթին վերաբերող նյութերին, խոսեց ոլորտի հիմնախնդիրների մասին։

Մարզային ծառայության պետերը հետաքրքրվեցին Ուրարտական պետություն կամ Վանի թագավորություն, Բիայնիլի անվանումների ստուգաբանությամբ։ Դասընթացի ընթացքում կազմակերպվել է լուսապատկերային ցուցադրություն (սլայդ-շոու), որի ընթացքում մասնակիցները ծանոթացել են հետուրարտական շրջանի նյութական մշակույթի արտեֆակտերին, անտիկ դարաշրջանի ճարտարապետական կառույցներին, միջնադարյան Հայաստանի պատմաճարտարապետական՝ հատկապես Անիի հուշարձաններին։

«Խոսեցինք, օրինակ, դամբարանի ավերման մասին, ձեզանից յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող է կանգնել այդ խնդրի առջև, պատկերացրեք ձեր աշխատակիցը գնացել է հուշարձանի տարածք և փորձում է պարզել, թե ինչ է տեղի ունեցել։ Մենք այստեղ հետաքրքիր մանրամասներ քննարկեցինք, գուցե կոպիտ կհնչի, բայց դիպուկ բնորոշում է՝ ինչպես «առաջին օգնություն» ցույց տալ վնասված հուշարձանին։ Հույս ունեմ, որ մեր մասնագիտական պարապմունքն անպայման իր դրական ազդեցությունը կունենա»,- տեսական դասընթացն ամփոփեց ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը։

Տեսական դասընթացին առաջիկայում կհաջորդեն գործնական աշխատանքները: Դրանք կանցկացվեն «Մեծամոր» հնավայրում, որտեղ այս օրերին պեղումներ է իրականացնում հայ-լեհական հնագիտական արշավախումբը։ Դասընթացի մասնակիցները կլինեն նաև ՀՀ մշակույթի նախարության կողմից 2016 թ. բաց թերթիկ ստացած և պեղվող մյուս բոլոր հուշարձանների տարածքներում։

2016-10-12T13:48:40+00:00 29 / 08 / 2016|Լրահոս|Comments Off on ԱՄՓՈՓՎԵԼ Է «ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՄԱՅՈՎ ՏԵՍԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ