ԱԶԱՏԱՆ

Ազատան գյուղը բնակչության թվաքանակով ամենախոշորն է Շիրակի մարզում: Այն գտնվում է ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա` Կարկաչան գետակի աջ ափին: Ազատանի ներկայիս բնակչության նախնիները այստեղ են ներգաղթել 1829-1830թթ. Կարսից, Ալաշկերտից և Արևմտյան Հայաստանի այլ շրջաններից: Գյուղն «Ազատան» է անվանվել 1945թ.: Մինչ այդ՝ պատմական տարբեր ժամանակաշրջաններում, բնակավայրը կրել է Գալդեմա կամ Գանդմա, իսկ համաձայն Ղևոնդ Ալիշանի` «Գեօղաւանն Փոքր կամ Խըլի Գարագիլիսէ» անունները:Ազատան գյուղի հին եկեղեցին ունեցել է վիթխարի չափեր: Դրա ապացույցներից մեկն էլ, թերևս, եկեղեցու զանգի մասին եղած ավանդությունն է, համաձայն որի V-VI դարերում կառուցված եկեղեցու զանգն այնքան մեծ է եղել, որ տագնապի ժամին հնչեցնելիս ղողանջները լսելի են եղել Կարսից մինչև Անի: Հին եկեղեցու զանգի մասին պատմում են, որ այդ կողմերով անցնող յուրաքանչյուր անցորդ քար է նետել ճահճուտի մեջ խրված զանգի «երախը»: Քարերից աստիճանաբար ծանրանալով՝ հսկա զանգը էլ ավելի է խրվում և անհետանում: Այս դեպքից հետո գյուղի Ղարաքիլիսա անվանն ավելանում է «Խլի» (խուլ) մասնիկը` դառնալով Խլի Ղարաքիլիսա, այսինքն խուլ կամ խլացած Ղարաքիլիսա: Ազատանում գտնվող Սբ. Ստեփանոս Նախավկա կոչվող Առաքելական եկեղեցին կառուցվել է 1865թ. գյուղի կենտրոնում` սրբատաշ սև քարից, իսկ զանգակատունը, որը կից է եկեղեցուն՝ 1880 թվականին: Եկեղեցու կառուցման պատմության «ծննդյան վկայական» կարող է ծառայել գլխավոր մուտքի վերևում արձանագրված հետևյալ տողերը. «Ի 1865 ամի արդեամբ ծխական ժողովրդոց Խլի Ղարաքիլիսա Գեղջ նորոգեցաի եկեղեցիս անուն Ս. Ստեփաննոս կառուցեալ 1460թ. արձանագրաց Աշոտ քհ. Ս.Յ.Ե-ան»: Արձանագրությունից տեղեկանում ենք, որ 1460թ. կառուցված եկեղեցին կոչվել է նաև Սբ. Ստեփանոս: Եկեղեցու փլատակների վրա 1869թ. կառուցված այժմյան եկեղեցին նույնպես կոչվում է Սուրբ Ստեփանոս: 1999 թվականին եկեղեցին վերանորոգվել է բեյրութաբնակ Հարություն և Մարի Արսլանյանների օժանդակությամբ:

Ըստ մեծանուն հայագետ Ղ. Ալիշանի` Ազատանի Սբ. Աստվածածին կաթոլիկ եկեղեցին կառուցվել է գյուղի արևմտյան մասում՝ 1852թ., որին կից պահպանվել է նաև զանգակատունը (XIX դար): Ազատանի երկու եկեղեցիներն էլ միանավ բազիլիկ կառույցներ են՝ արտահայտելով գրեթե նույն ճարտարապետական ոճը: Ազատանի շրջակայքում առկա են նյութական մշակույթի բազմաթիվ մնացորդներ: Գյուղից 500 մ դեպի հարավ նկատվում են նեոգեն ժամանակաշրջանի մեգալիթյան պարսպի հետքեր, որոնք եղել են դամբարանային մեմորիալ կամ պաշտամունքային կառույցներ` անմշակ մեծածավալ քարերից: Գյուղի հարավ-արևելյան մասում «Ղռեր» կոչվող բլուրներից մեկի գագաթին պահպանվել է Ք.ա. II-I հազարամյակի ամրոցի հետքեր, որին հարող դաշտերում կան Ք.ա. VII-VI դդ. բնակատեղի և Ք.ա. II-I հազամյակի դամբարանադաշտ: Գյուղից 700 մ արևմուտք պահպանվել է վաղ միջնադարյան եկեղեցու ավերակներ, XIX-XX դդ. գերեզմանոց, ինչպես նաև՝ XIX դարի ձիթհան և մատուռ, որոնք գտնվում են գյուղի մեջ: Ազատանի համար ոչ պակաս մեծ պատմամշակութային արժեք է ներկայացնում Մինաս Ավետիսյանի 1970-ական թվականներին նկարած որմնանկարը, որն այժմ Մշակույթի տան նախասրահում է:

Օգտագործված գրականություն.
1. Ալիշան Ղ., Շիրակ, Վենետիկ, 1881թ:
2. Եղիազարյան Հ., Շիրակի լեռնահովտի պատմական հուշարձանները, Երևան 1975: 3. Իկիլիկյան Վ., Ազատանն ու Ազատանցիները, Գյումրի, 2007:

2016-10-05T16:05:37+00:00 30 / 08 / 2016|Լրահոս, Հուշարձաններ|