ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

01

Շիրակի մարզի հնագույն բնակավայրերից է Մարմաշեն (Վերին Ղանլիջա) գյուղը, որը տեղադրված է եղել պատմական Շիրակի Ախուրյան գետի ձախ ափին և հետզհետե տեղափոխվել է դեպի հարավ-արևելք: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա: Այն հաստատվել է Տիրաշեն գյուղատեղիում, որն ավերվել ու ամայացել է մոնղոլական արշավանքների ժամանակ: Սարգիս Ջալալյանցը իր «Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան» գրքում նշում է. «Ի վերին կողմն գեղջս է բերդ Վահրամաշէն կառուցեալ `ի վերայ բլրակի մեծամեծ կրազանգ վիմօք, զոր քանդեալ Հագարացիք»: Գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով:

Ուրարտական ժամանակաշրջանում՝ դեպի հյուսիս ձեռնարկված արշավանքների ընթացքում, վերակառուցվել և ամրացվել է դեռևս Ք.ա. III հազարամյակից գոյություն ունեցող կիկլոպյան ամրոցը: Այս ամրոցից և մերձակա դամբարաններից հայտնաբերվել են մ.թ.ա. III-I-ին հազարամյակներին վերաբերող մշակութային զանազան նյութեր: Ձորեզրից դեպի հյուսիս լեռնանման բարձրության գագաթի շուրջ և լանջերի վրա հստակ երևում են ինչպես հնագույն, այնպես էլ հետագայում կառուցված բերդի ավերակներ: Վահրամ Մագիստրոս Պահլավունին վերակառուցում է նախաքրիստոնեական այդ հնագույն ամրոցը և այն դարձնում պաշտպանական հուսալի հենակետերից մեկը (X դար): Այդ ժամանակաշրջանից էլ բերդը ավանդաբար կոչվել է «Վահրամաշեն» կամ «Վահրամաբերդ»: Ամրոցը երեք կողմերից եզերվում է բարձր, անմատչելի քարափներով, իսկ հարավային կողմից նեղ շերտով միանում է ձորալանջին: Այն շրջապատված է բերդապարիսպներով, որոնք շարված են անմշակ մեծ որձաքարերով` առանց շաղախի: Այդ կապակցությամբ մեծանուն ճարտարապետ Թորոս Թորամանյանը գրում է. «…շրջապատող վայրերի վրա խիստ որոշ կերպով տեսանելի են նախաքրիստոնեական շրջանի մարդկային ձեռագործ աշխատանքի հետքեր, ինչպես մեծամեծ քարերով շինված փլատակ պատեր, խոռոչներ, գերեզմանների նմանվող հողային կույտեր` քարերով խառնված: Բերդի մուտքը գրեթե հարավային կողմի վրա է գտնվել, դռան երկու կողմը շինված է եղել հսկայական բուրգեր` կիսաբոլորակ ձևով, որոնց փլատակներն ու հիմները կերևան»: Վահրամաշեն բերդի համար գործածվել են հրաբխային կարմիր և դեղնորակ քարեր՝ սրբատաշ ու չափավոր մեծությամբ: Բերդը նեղ ու երկար ձև ունի` տարածված հարավից դեպի հյուսիս, որի մեջ կառուցված են եղել բնակության համար նախատեսված շենքեր: Այդ շինություններից այժմ պահպանվել են միայն հիմքերը: Ամենայն հավանականությամբ, բերդի գագաթին եղել է ուրարտական շրջանի ոչ միայն տոհմապետական ամրոց, այլև բերդակիր սարի ներքևում փորված խոր քարայր, որի դուռը գտնվել է բերդի հյուսիսային կողմում` ստորոտում հեղեղից գոյացած մի ձորակի մեջ:

Մարմաշեն գյուղից հարավ` ձորի քարափի մի բնական ժայռի վրա, Արգիշտի I արքան թողել է քառատող սեպագիր արձանագրություն, որը պատմական գրականության մեջ հայտնի է «Ղանլիջայի բևեռագիր» անունով. Խալդի (աստծո) մեծությամբ Արգիշտին ասում է
Նվաճեցի (ես) Էրիախի (ցեղի) երկիրը
նվաճեցի Իրդանիունի (քաղաքը) մինչև Իշկիգուլու (երկիրը)

Ըստ ուսումնասիրողների` հիշատակվող «Էրիախի (ցեղի) երկիրը» Շիրակի դաշտն է, իսկ «Իրդանիունի (քաղաքը)»` նրա վարչական կենտրոնը:

Մարմաշեն գյուղի մերձակայքում շահագործվող պեմզայի հանքերում 1939 թվականին բացվել են ստորերկրյա կացարաններ: Նմանատիպ կացարաններ հայտնաբերվել են նաև Արևելյան Շիրակի Ազատան, Վարդաղբյուր, Չախմախ, Փոքր Սարիար և Քեֆլի գյուղերում: Խոսելով Մարմաշենի ստորգետնյա կացարանների մասին Հովսեփ Եղիազարյանը գրում է. «… ստորերկրյա, բոլորակ հատակագծով մի մեծ բնակարան էլ հայտնաբերվել է բլրաձև բարձունքի գագաթում: Բնակարանի մուտքը եղել է երդիկից` դնովի սանդուղքով: Այդ բնակարանից հարավ-արևմտյան և հյուսիս-արևմտյան ուղղություններով՝ բլրաձև բարձունքի լանջերով, ձգվել են բնակարանների շարքերը: Առաջին շարքից ամբողջական վիճակում պահպանվել էին երկու բնակարան, իսկ երկրորդ շարքից` մեկը: Մյուս բնակարանները ավերված են: Ամբողջական վիճակում պահպանված բնակարանները փոքր էին, գմբեթարդ` բնական քարայրների ձևով: Բոլոր բնակարանների մուտքերն էլ բացվել էին դրանց առջևում՝ ամբողջ բնակարանաշարքի երկարությամբ ձգվող նեղ սրահի մեջ: Դեպի հարավ-արևմուտք ձգվող բնակարանաշարքի ամբողջական վիճակում պահպանված բնակարաններից մեկի հատակագիծը բոլորակ էր, իսկ մյուսինը` քառանկյունի: Առաջին բնակարանից հայտնաբերվել են կավե զանազան ամաններ, փայտյա կահույքի փտած կտորներ, կեռ ծայրերով երկաթյա մի ձող և այլ իրեր: Մյուս բնակարանից` կավե ամանների կտորներ: Կավե ամանների բեկորներով, զանազան կենդանիների ու թռչունների ոսկորներով և այլ իրերով առավել հարուստ էր կենտրոնի բոլորակ հատակագծով մեծ բնակարանը»:

Մարմաշեն գյուղից հարավ-արևելք (2կմ)՝ երեք կողմից զառիկող լանջերով եռանկյունաձև հրվանդանի վրա է գտնվում «Տիրաշեն» ամրոցը (մ.թ.ա. III-II հազարամյակից մինչև X դար): Պարիսպները կառուցված են խոշոր ու միջին կոպտատաշ քարերի կրկնակի շարվածքով: Հատակագիծը հարմարեցված է ռելիեֆին: Մուտքը արևմտյան կողմից է: Մուտքից՝ ողջ ամրոցի երկայնքով ձգվող միջանցքի 2 կողմերում, տեղադրված են ուղղանկյուն հատակագծով կառույցներ: Ամրոցից մոտ 200 մ հյուսիս-արևմուտք և հարավ ժայռոտ ձորակով շրջապատված հարթության վրա տարածվում է բազմաշերտ բնակատեղի, դամբարանադաշտ և քաղաքատեղի (մ.թ.ա. III-I հազարամյակ): Մոտ 1.5-2 մ խորության վրա հայտնաբերվել են ուղղանկյուն հատակագծով կառույցներ (մ.թ.ա. III-II հազարամյակ) և անտիկ դարաշրջանին բնորոշ նյութական մշակույթի նմուշներ: Ամրոցի մոտ պահպանվել է «Տիրաշեն» գյուղատեղին (IV-XI դդ.)` իր խաչաձև եկեղեցու մնացորդներով, քառակող կոթողով (VI-VII դդ.) և գերեզմանոցով (IV-XI դդ.): Ըստ ամենայնի, այն Մարմաշենի Կաթողիկե եկեղեցու հյուսիսային կողմի արձանագրության մեջ հիշատակված «Տիրաշեն» գյուղատեղին է:

Օգտագործված գրականություն.
1. Ջալալեանց Ս., Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մասն Ա, Տփխիս, 1842:
2. Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ. 2, Երևան, 1948:
3.Եղիազարյան. Հ., Շիրակի լեռնահովտի պատմական հուշարձանները, Երևան 1975:
4.Арутюнян Н., Корпус Урартских клинообразных надписей, Ереван, 2001, текст 179: