ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԸ «ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»-ՈՒՄ

«Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում բարի ավանդույթ է ձևավորվել․ամեն տարի սեպտեմբերի 1-ին Վերնաշենի միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիներն իրենց առաջին դասն անցկացնում են թանգարանում։ Արդեն 12-րդ տարին է, որ Գիտելիքի օրը արգելոց-թանգարանի սպասված այցելուներն առաջին դասարանցիներն են։

Վերնաշենի միջնակարգ դպրոցի վեց առաջին դասարանցիները կրթօջախում անցկացված տոնական միջոցառումից հետո ծնողների հետ այցելել են թանգարան։

Առաջին անգամ «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան ոտք դրած փոքրիկները նախ՝ շրջել են սրահներում, ծանոթացել ցուցադրությանը, լսել Գլաձորի համալսարանի երբեմնի հոգևոր, գիտական ու կրթական մեծ դերի ու նշանակության մասին համառոտ պատմությունը, ապա՝ սերտել առաջին դասը։ Միջնադարյան հենց այս բարձրագույն կրթական հաստատությունում էլ փոքրիկներին հորդորել են լավ սովորել։

Արգելոց-թանգարանի վարիչ Բարիս Քոչարյանի անցկացրած առաջին՝ «Կրթության դերը սերունդների դաստիարակման գործում» դասին հաջորդել է ակտիվ հարց ու պատասխանը։ Փոքրիկները հստակ գիտեն. դպրոց են գնալու գրել ու կարդալ սովորելու, իսկ թե կրթություն ստանալն ինչ նշանակություն կունենա իրենց հետագա կյանքում, նրանք դեռ չեն պատկերացնում՝ դպրոցական երկար ու պատասխանատու ճանապարն առջևում է: Արգելոց-թանգարանի վարիչը նրանց բարի երթ մաղթեց և գրենական պիտույքներ նվիրեց։

2016-10-12T15:16:07+00:00 01 / 09 / 2016|Լրահոս, Հուշարձաններ|