ԼՈՌԻՈՒՄ ՄԱՔՐՎԵԼ ԵՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

ՊՄՊ Լոռու մարզային ծառայության և Գուգարաց թեմի եկեղեցասիրաց երիտասարդաց միության բազմամյա համագործակցության արդյունքում՝ օգոստոսի 29-ին սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Դսեղի Սբ. Գրիգոր Բարձրաքաշ և Քառասնից մանկանց վանական համալիրներում (պետ. ցուցիչ՝ 5.35.39, 5.35.40):

Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու երիտասարդաց միության անդամները՝ տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի ղեկավարությամբ, այցելել են Դսեղ՝ խոնարհված եկեղեցիների տարածքների մաքրման և բարեկարգման՝ արդեն ավանդական դարձած աշխատանքներն իրականացնելու: Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ վանական համալիրի տարածքում իրականացվում են ամրակայման աշխատանքներ, ուստի՝ նախորդ տարիների համեմատ տարածքը գտնվում էր բարվոք վիճակում: Երիտասարդները որքան հնարավոր է մաքրել են տարածքը չորացած խոտածածկից։ Այստեղ Վանաձորի երիտասարդներին է միացել նաև Դսեղի երիտասարդաց միությունը՝ տեղի հոգևոր հովիվ տեր Գրիգորիս քահանա Դերմենջյանի առաջնորդությամբ: Մաքրման աշխատանքներին առաջին անգամ մասնակից երիտասարդները ծանոթացել են վանքի պատմությանը, շրջել համալիրի տարածքում, որից հետո խումբը շարժվել է դեպի Դսեղի Քառասնից Մանկանց եկեղեցի: Այստեղ ևս երիտասարդները մեծ ջանասիրությամբ են մասնակցել մաքրման և բարեկարգման աշխատանքներին:

Աշխատանքների ավարտին կատարվել է մոմավառություն և երկու եկեղեցիներում միասնական աղոթք է հնչել։ Սանիտարական մաքրման աշխատանքները ավարտվել են Դսեղի հիասքանչ բնության գրկում՝ երիտասարդների կազմակերպած տարատեսակ խաղերով, ազգային երգ ու պարով:

2016-09-02T12:33:19+00:00 02 / 09 / 2016|Լրահոս, Նորություններ|