ԱՄՐՈՑ ՋՈՋ ԿՈՂ

Գեղարքունիքի մարզ, գյուղ Գեղհովիտ ( պետ. ցուցիչ` 4.27.2):

Ջոջ կող ամրոցը գտնվում է գյուղի համանուն բարձունքի հարավ-արևելյան մասում, գետի աջ ափին, կառուցվել է մ.թ.ա. II-I հազարամյակում: Ամրոցն իր հուսալի դիրքով իշխում է շրջապատի վրա: Այն երկարաձիգ պայտի ձև ունի, որի առավել բարձր` կիսաշրջանաձև մասը զբաղեցնում է միջնաբերդը: Պարսպի արևելյան մասում ունի իրարից գրեթե հավասար հեռավորության վրա գտնվող, տարբեր մեծության հինգ քարաբուրգ: Ամրոցի ընդհանուր տարածությունը կազմում է 2 հեկտար, որից 0,25 հեկտարը միջնաբերդի տարածքն է:

Ամրոցի մուտքը գտնվել է հյուսիս-արևելյան անկյունում, իսկ միջնաբերդինը` հարավային մասում: Ամրոցն ու միջնաբերդը շրջապատված են կացարանների մնացորդներով:

Ամրոցից դուրս երևում է բոլորաձև դամբարանադաշտը (մ.թ.ա. II-I հազարամյակ, պետ. ցուցիչ` 4.27.2.1):

Ամրոցի շրջակայքը զրկված է եղել ջրից. միակ աղբյուրը բխել է Ջոջ կող բարձունքի արևմտյան ստորոտից: Ջուր հայթայթելու նպատակով` բնակիչները սահմանապահ պարսպի հյուսիս-արևմտյան լանջով իջել են մինչև գետ և պարսպի ետևում թաքնվելով` կարողացել են անվտանգ ջուր վերցնել:

Օգտագործված գրականություն և փաստաթղթեր.
1. Միքայելյան Գ., «Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները», Երևան, 1968թ.,
2. Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակ:

2016-10-05T15:28:48+00:00 19 / 09 / 2016|Լրահոս, Հուշարձաններ|