ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԱՐԵՆԻՈՒՄ ԵՎ ԳԱՌՆԻՈՒՄ

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 25 ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Արենի համայնքի միջնակարգ դպրոցի և «Արփի» բնապատմական արգելոցի աշխատակիցների համատեղ ջանքերով։ Հայրենասիրական ոգով տոգորված միջոցառումը սկսվել է Հայաստանի օրհներգով, որի ընթացքում աշակերտները հպարտ ծածանել են հայկական եռագույնը։

Դպրոցի տնօրեն Ա. Հայրապետյանը տոնի առթիվ շնորհավորել է ներկաներին, ապա՝ հանդես եկել Հայաստնի անկախությանը նվիրված զեկույցով, ընթերցել անկախության հռչակագիրը: Պատանիներն իրենց հայրենասիրական ելույթներով՝ բանաստեղծություններով, երգ ու պարով օրը դարձրել են ավելի տոնական ու հիշարժան։ Անկախության սերնդի ներկայացուցիչները չեն մոռացել հիշատակել այն քաջորդիներին, ովքեր իրենց կյանքի գնով են ամրապնդել հայրենիքի ազատությունն ու անկախությունը։

Միջոցառման ավարտին աշակերտները ծաղիկներ են խոնարհել Արցախյան հերոսամարտում անմահացած Արենիի քաջերի հուշաքար- խաչքարի առջև։

Հայաստանի անկախության 25 ամյակին նվիրված տոնական միջոցառում է տեղի ունեցել նաև «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում։ Նախ՝ Գառնու տաճարում «Արորդիների ուխտի» քրմերը նախնյաց հիշատակի փառաբանման ծես են կատարել, այնուհետև՝ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի և Գառնիի մշակույթի տան համատեղ ջանքերով տեղի է ունեցել տոնական համերգ, ելույթ են ունեցել պարային խմբեր և անհատ կատարողներ։