«ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ ԹԵՎԱԾԵԼ Է ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի պատմության մեջ գրվեց իբրև մեր նորագույն պատմության ամենավառ էջերից մեկը, ամրագրվեց որպես մեր պայքարի ու ձեռքբերումների հաղթանակած խորհրդանիշ։ 25 ամյա երիտասարդի նման Հայաստանը կարծես թևակոխում է ձեռքբերումների մեկ այլ ժամանակշրջան։ Հայաստանի խորհրդանշական 25 ամյակին էլ նվիրված էր «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կազմակերպված տոնական միջոցառումը։

Անկախության սերնդին էլ վստահված էր միջնադարյան հուշարձանի խորհրդավոր կամարների ներքո ազգային երգ ու պարի տոնական գույներով զարդարել հայրենիքի անկախության 25 ամյակը։

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի ունեցած միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել Երևանի մշակույթի պետական քոլեջի սաները, «Արարատ» ժողովրդական պարի, «Խենթություն և ընկերներ», «Սոֆի Դևոյան» մշակույթի կենտրոնի «Արմելադ» պարային համույթները։ «Էրթանք մեր էրգիր», «Կիլիկիա», «Վերվերի», «Զինվորի երգ», «Զանգեզուր», «Ընկեր ջան, գինի լից», «Մուշ երկիր պապական», «Յարխուշտա», «Քոչարի» և բազմաթիվ այլ կատարումների շնորհիվ «Զարթնոց»-ում թևածել է տոնական տրամադրությունը։

Միջոցառման ավարտին համերգի մասնակից անհատ կատարողներն ու համույթների ղեկավարներն արժանացել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի շնորհակալագրերին: