ԲԱՑ ԴԱՍՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ԿՐԹՈՒԹՅՈՒՆ-ՄՇԱԿՈՒՅԹ ԿԱՊԸ

ՊՄՊ Արարատի մարզային ծառայության աշխատակիցների Ոսկետափ համայնքի հիմնական դպրոցում անցկացրած բաց դասը նվիրված է Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին: «Մոնումենտալ (կոթողային) քանդակագործություն-ԽԱՉՔԱՐ» թեմայով բաց դասը կազմակերպվել է ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի և գիտահետազոտական բաժինների աջակցությամբ։ Ոսկետափի հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների համար անցկացված բաց դասն սկսվել է Հայաստանի անկախությանը նվիրված ակնարկով։ Մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանն անդրադարձել է անկախության համար մղված պայքարին, հետո՝ արդեն անկախ Հայաստանի պետականության կերտման, պետական կառավարման համակարգին։ Այնուհետև մ/ծ պետի տեղակալ Անահիտ Դալլաքյանը ներկայացրել է հայկական միջնադարյան ճարտարապետության հետ սերտորեն կապված կոթողային քանդակագործության՝ խաչքարի ստեղծման պատմությանը, խոսել դրա մշակութային նշանակության մասին։ Բաց դասն ուղեկցվել է տարբեր ժամանակներում կերտված խաչքարերի լուսանկարների ցուցադրությամբ։ Դասի ավարտին աշակերտները պատմական համառոտ ակնարկ են ներկայացրել Հայաստանի հնագույն երկու մայրաքաղաքների՝ Արտաշատի և Դվինի մասին:

Կրթօջախի տնօրեն Ա. Պետրոսյանը կարևորել է ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցների նմանօրինակ նախաձեռնությունը և ընդգծել, որ այդպիսի բաց դասերն ունեն դաստիարակչական նշանակություն և ամրապնդում են կրթություն-մշակույթ կապը:

2016-09-24T14:47:16+00:00 23 / 09 / 2016|Լրահոս, Նորություններ|