ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Գեղարքունիք > Հուշարձաններ > ԱՄՐՈՑ ԾՈՎԱԲԵՐԴ. «ԲԵՐԴԻ ԴՈՇ»
4.84.1.

Գեղարքունիքի մարզ, գ. Վարդաձոր, պետ.ցուցիչ` 4.84.1:

Ծովաբերդ ամրոցը կառուցվել է մ.թ.ա. II-I հազարամյակում և գտնվում է Վարդաձոր գյուղից 3 կմ արևմուտք: Ամրոցը գրեթե բոլոր կողմերց խոցելի է, բացառությամբ արևելյան կողմի, որն ունի փոքր ինչ թեքություն:

Պարիսպն ունի 250 մետր երկարություն և չորս մետր լայնություն: Կառուցվել է երկշարք բազալտե քարից, հիմքերը լավ են պահպանվել, և տեղ-տեղ բարձրությունը հասել է 2-3 մետրի: Պարիսպներից դուրս մոտ 500 մետր հեռավորության վրա պահպանվել է ևս մի պատ, որը բոլոր կողմերից օղակել է ամրոցը: Այդ երկու պատնեշների միջև ընկած, ինչպես նաև դրանից դուրս գտնվող տարածությունը ամբողջովին ծածկված է բնակարանների ավերակներով:

Ամրոցն ունի հավասար մեծության վեց քառանկյուն աշտարակ: Դրանցից երկուսը գտնվել են հարավ-արևելյան կողմում պահպանված մուտքի երկու թևերում, մյուս երեքը՝ գտնվելով հավասար հեռավորության վրա, տեղադրված են ամրոցի արևմտյան պարսպահատվածի մեջ, իսկ վեցերորդ աշտարակը գտնվել է արևելյան կողմում:

Ամրոցի տեղադրության ուսումնասիրությունը հիմք է տալիս ենթադրելու, որ այն ոչ թե ռազմական, այլ տնտեսական նշանակության կառույց է եղել:

Ենթադրվում է, որ այս ամրոցը, ի տարբերություն մյուսների, ապահովված է եղել ջրով, նման տեսակետի համար հիմք է ծառայել այն հանգամանքը, որ ամրոցի կողքերով հոսել են լեռնային գետակներ: Ամրոցից հարավ գտնվել է մ.թ.ա. II-I հազարամյակի դամբարանադաշտ /պետ.ցուցիչ` 4.84.1.1/:

Օգտագործված գրականություն և փաստաթղթեր.
1. Միքայելյան Գ., «Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները», Երևան, 1968թ.,
2. Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակ: