ՔԱՐԱՅՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐ ԶԱՐՆԻ ԵՎ ՊԱՐՆԻ ԱՅՐԵՐ

Պետ. ցուցիչ՝ 5.60.39, 5.60.40, Լոռու մարզ, գյուղ Հաղպատ:

Հուշարձանախումբը գտնվում է Հաղպատ գյուղից արևմուտք, Դեբեդ գետի Ջաղացաջուր կոչվող վտակի աջ ափին, Կայան բերդից հյուսիս: Հաղպատցիներն այն անվանել են «Հին բերդ» կամ «Զարնի և Պարնի»: Վաղ շրջանում քարայրերը ծառայել են որպես պաշտպանական ամրություններ: Քարայրի պաշտպանական նշանակությունը բարձր է գնահատել Զարեհ իշխանը՝ թշնամական հարձակումների ժամանակ այստեղ է թաքցրել Հաղպատավանքի ձեռագրերն ու հարստությունը (տարիներ անց այստեղից գտնվել են X-XV դարերի ձեռագրերի պատառիկներ):

Հուշարձանախումբ ձգվող ճանապարհները երկուսն են: Առաջինը պատմական ճանապարհն է, որն սկիզբ է առնում գյուղի արևմտյան կողմի հարթակից և ունի մոտ 650մ երկարություն: Երկրորդը` ձգվելով Հաղպատ-Ծաղկաշատ համայնքների այժմյան ճամփաբաժանից (մոտ 1350մ երկարություն), թափվող քարերի և հոսող ջրերից առաջացած ճահճուտների պատճառով դարձել է գրեթե անանցանելի:

Բուն հուշարձանը գտնվում է քարափի ստորոտում, պարսպապատերը շարված են բազալտե խոշոր բեկորներով՝ կապակցված կրաշաղախով:

Ստորին հուշարձանի (Զարնի այր) գլխավոր մուտքը գտնվում է կենտրոնական մասում, որից դեպի արևմուտք հսկիչ աշտարակն է՝ իր կլոր հատակագծով: Շարված պատերի ետնամասում կա բավականին ընդարձակ քարանձավ՝ 605 քառակուսի մետր մակերեսով: Վերին հուշարձանը (Պարնի այր) նույնպես ունի պարսպապատեր և, հավանաբար, ծառայել է որպես թաքստոց:

Պարսպապատերն ունեն ամրակայման և վերականգնման կարիք: Անմատչելիության պատճառով հուշարձանախումբը գրեթե այցելուներ չունի:

Հուշարձանը վերականգնելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարությունը հաստատել է ճարտարապետներ Ստեփան Նալբանդյանի, Գ. Գյուլամիրյանի և Մ. Քոչարյանի կազմած պատմական հուշարձանախմբի նորոգման, ամրակայման, բարեկարգման և օգտագործման նախագիծը:

2016-10-12T15:32:16+00:00 10 / 10 / 2016|Լրահոս, Հուշարձաններ|