ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Գեղարքունիք > Հուշարձաններ > ԳՅՈՒՂԱՏԵՂԻ «ԼԵՌՆԱՆՑՔԻ ԱՎԵՐԱԿՆԵՐ», «ԴԱՐԲՆՈՒ ԽՐԲԵՔ»
ԳՅՈՒՂԱՏԵՂԻ ԼԱՌՆԱՆՑՔԻ ԱՎԵՐԱԿՆԵՐ«ԴԱՐԲՆՈՒ ԽՐԲԵՔ» 4.85.9

Գեղարքունիքի մարզ, գյուղ Վարդենիկ, պետ.ցուցիչ` 4.85.9:

«Լեռնանցքի ավերակներ» կամ «Դարբնու խրբեք» գյուղատեղին հիմնադրվել է IX դարում: Գտնվում է գյուղից 5 կմ հարավ` ընդարձակ հարթության վրա: Տեղ-տեղ երկշարք դասավորված տների հիմնապատերի մնացորդների քանակից պարզ է դառնում, որ այն եղել է մեծ գյուղ:

Գյուղի կենտրոնում է գտնվել կիսակլոր խորանով, ուղղանկյուն հատակագծով միանավ եկեղեցին (XII դար) /պետ. ցուցիչ` 4.85.9.1/: Երկու մետր հաստություն ունեցող անշաղախ պատերը շարված են մեծ, անտաշ քարերով: Եկեղեցու անմիջական հարևանությամբ է գտնվում X-XV դդ. խաչքարերով գերեզմանոցը /պետ.ցուցիչ` 4.85.9.1.1/, որի մի հատվածը ձգվել է մինչև ճանապարհի եզր:

Գյուղատեղիի հարավային եզրին պահպանվել են XIII-XIVդդ. եկեղեցու հիմնապատերի ավերակներ /պետ.ցուցիչ` 4.85.9.2/, որտեղ ևս եղել է գերեզմանոց և մեզ են հասել արխայիկ խաչքարերի բեկորներ, որոնցից մեկի վրա պահպանվել է արձանագրություն և ունի ստույգ թվագրում՝ 1304 թ.:

Դատելով այս ամենից` կարելի է ենթադրել, որ միջնադարում այն եղել է հայտնի բնակավայր: Այս տեսակետը ամբողջանում է նաև այն իրողությամբ, որ մերձակայքում գտնվող գետից առու է փորվել, որն անցել է գյուղամիջով և պահպանվել մինչև մեր օրերը` ոռոգելով հարևանությամբ գտնվող սարահարթի արտերը:

Գյոզալդարայի լեռնանցքով անցնող ճանապարհը՝ Շատին գյուղի մոտ միանալով Սելիմի ճանապարհին, բնակատեղին կապել է Վայոց ձորին: Դրա լավագույն վկայությունը «Դարբանդ» անունն է, որը նշանակում է լեռնանցք: Համաձայն Արատեսի վանքի (Վայոց ձոր) պատին պահպանված արձանագրության՝ Դարբանդ գյուղը և մոտակա այլ գյուղեր եղել են Սյունիքի մետրոպոլիտ Ստ. Օրբելյանի ժառանգական սեփականությունը, որոնք նա հետագայում նվիրել է վանքին:

Օգտագործված գրականություն և փաստաթղթեր.
1. Բարխուդարյան Ս., « ԴԻՎԱՆ ՀԱՅ ՎԻՄԱԳՐՈՒԹՅԱՆ», Երևան, 1973թ.,
2. Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակ