«ԿՈՏՐԱԾ» ՔԱՐԱՎԱՆԱՏՈՒՆ

Օրբելյան իշխանների օրոք կառուցված քարավանատունը (1319թ.) /պետ. ցուցիչ՝ 8.56.16/ գտնվում է Գորիսի տարածաշրջանի Հարժիս գյուղից մոտ 3.5 կմ հյուսիս-արևմուտք: Այն եռանավ, թաղածածկ, նախասրահով շինություն է՝ մուտքն արևելքից: Սրբատաշ բազալտով կառուցված քարավանատունը իր ճարտարապետական հորինվածքով նման է Սելիմի քարավանատանը: Հիմնականում պահպանվել է քարավանատան արևելյան հատվածը: Շինության մուտքի ճակատին պահպանվել է խիստ վնասված արձանագրություն, որտեղ նշվում են կառուցման թվականը և Օրբելյան Բեշքեն իշխանի անունը. «Ի ԹՎ: ՉԿԸ: ԵՍ ԻՇԽԱՆ ՕՐՊԵԼ ԲԷՇՔԵՆ…»:

Հուշարձանն, անտարակույս, ունի պատմական կարևոր նշանակություն: Նրա տեղադրության դիրքը պարզ է դարձնում Նախիջևանից կամ Արարատյան դաշտավայրից Ծղուկ և Հաբանդ գավառների տարածքների վրայով դեպի Արցախ ու Պարտավ տանող առևտրական հին ճանապարհների ուղղությունը: Ոչ պակաս կարևոր նշանակություն ունեն Հարժիսի քարավանատնից մոտ 1 կմ արևմուտք՝ Գորիս-Նախիջևան հին ճանապարհին պահպանված երեք ուղեցույց-քարերը, որոնց բարձրությունը հասնում է 1.5-2 մ /ցից քարեր, պետ. ցուցիչներ՝ 8.56.16.1, 8.56.14 և 8.56.15/: Ամենայն հավանականությամբ քարերը կանգնեցվել են ճանապարհի վտանգավոր հատվածներում՝ ձյան կամ փոթորիկի ժամանակ ճանապարհի ուղղությունը չկորցնելու համար: Քարավանատունը գտնվել է Նախիջևան (Բիչանեկի լեռնանցքով) և Պարտավ տանող (Սելիմի լեռնանցքով) ճանապարհների վրա՝ Սյունիքը կապելով միջազգային տարանցիկ ճանապարհներին:

Հարժիս գյուղը դարեր շարունակ եղել է Տաթևի վանքի սեփականությունը: Սակայն սեփականության այդ իրավունքը ժամանակ առ ժամանակ խախտվել է, որի վերաբերյալ համապատասխան վկայություն ունի Սյունյաց տան պատմիչ Ստ. Օրբելյանը: Առաջին անգամ Հարժիս գյուղը (միջնադարում հիշատակվում է Հարժիք ձևով) Սյունյաց իշխաններից գնել և Տաթևի վանքին է ընծայել Սմբատ Ա Բագրատունի թագավորը՝ 906 թվականին: Հետագայում գյուղին վերստին տիրել են Սյունյաց իշխանական տան ներկայացուցիչները: Ստ. Օրբելյանը նշում է, որ Հարժիքը երկրորդ անգամ Տաթևի վանքին վերադարձրել է Սյունյաց Սմբատ թագավորը: Երրորդ անգամ Սյունյաց գահերեց իշխան Վասակին ենթակա Հասան իշխանն է այն գնել և նվիրել վանքին: Չորրորդ անգամ Սյունյաց Սենեքերիմ թագավորն է վերադարձնում Հարժիքը, որը վավերացնող կալվածագիրը գրվել է 1091 թվականին: Գյուղը Տաթևի վանքին վերադարձնելու վերջին կալվածագիրը պատկանում է Օրբելյան իշխաններին: 1373 թվականին Տարսայիճ Օրբելյանը գրավոր հաստատել է իր տիրույթներից վեց գյուղ՝ այդ թվում Հարժիքը, Տաթևի վանքին հանձնելու կալվածագիրը:

Համաձայն Գր. Գրիգորյանի` Հարժիսի քարավանատանն էին տեղի ունենում Սյունյաց եպիսկոպոսարանի, մասնավորապես Տաթևի վանքի, առևտրական նշանակության գործարքները:

Օգտագործված գրականություն
1. Օրբելյան Ստ., Սյունիքի պատմություն, Երևան, 1986
2. Գրիգորյան Գր., Սյունիքը Օրբելյանների օրոք, Երևան, 1981
3. Հախվերդյան Ս., Գորիսի ամփոփ պատմություն, Երևան, 2005
4. ՀՀ Սյունիքի մարզի հուշարձանների պետական ցուցակ

2016-10-19T11:39:55+00:00 14 / 10 / 2016|Լրահոս, Հուշարձաններ|