ՆՈՒՌԸ ԵՎ ԽԱՂՈՂԸ ՀԱՅ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԴԱՔԱՆԴԱԿՆԵՐՈՒՄ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ

ՊՄՊ Արարատի մարզային ծառայությունը՝ ՊՈԱԿ-ի գիտամեթոդական աշխատանքների և ցուցադրությունների կազմակերպման բաժնի հետ համատեղ, Վեդի քաղաքի Գեղարվեստի դպրոցում կազմակերպել է «Նուռը և խաղողը հայ միջնադարյան ճարտարապետության զարդաքանդակներում» խորագրով լուսանկարների ցուցադրություն: Այն պատմում է միջնադարյան հայ ճարտարապետության մեջ նռան և խաղողի խորհրդանշական ներկայության մասին:
Ցուցադրությունում ընդգրկվել են ՊՈԱԿ-ի չափագրությունների և լուսանկարների ֆոնդերում պահվող նյութեր (25 գծագիր և 15 լուսանկար), հուշարձանագետ Սամվել Կարապետյանի տրամադրած Ախթամարի ս. Խաչ եկեղեցու լուսանկարները, հնագետ Բորիս Գասպարյանի տրամադրած նյութերը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Գեղարվեստի դպրոցի նկարչական և քանդակագործական խմբակների սաները, կրթօջախի տնօրեն Հրայր Գորգոյանը, ուսուցիչներ: Բացման խոսքով հանդես է եկել մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանը: Նա խոսել է Հայաստանի ու մասնավորապես Արարատի մարզի հարուստ մշակութային ժառանգության ներկա վիճակի ու պահպանության մասին։ Ռոման Կարապետյանը պատանիներին հորդորել է առավել սրտացավ լինել հայրենի հուշարձանների պահպանության գործում։

ՊՄՊ Արարատի մարզային ծառայության պետի տեղակալ Անահիտ Դալլաքյանը հանդես է եկել «Նուռը և խաղողը հայ միջնադարյան ճարտարապետության զարդաքանդակներում» թեմայով դասախոսությամբ։ «Խաղողի որթերի և նռենու պատկերները, միջնադարյան հայ քանդակագործության մեջ և, ընդհանրապես, հայկական մշակույթի մեջ լայն տարածում գտած ու սիրված զարդանախշեր են և ընկալվում են որպես ազգային խորհրդանիշ», -իր խոսքում նշել է Անահիտ Դալլաքյանը։

«Նուռը և խաղողը հայ միջնադարյան ճարտարապետության զարդաքանդակներում» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 21-ը։

2016-10-21T11:57:16+00:00 19 / 10 / 2016|Լրահոս, Նորություններ|