ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Վայոց Ձոր > Հուշարձաններ > ՀՐԵԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ ԵՂԵԳԻՍ ԳՅՈՒՂՈՒՄ /ՊԵՏ. ՑՈՒՑԻՉ` 9.21.5./
Հրեական գերեզմանոց  Եղեգիս գյուղում

Հուշարձանը գտնվում է Եղեգիս գետի ձախ ափին` գյուղատեղիի արևմտյան մասում, այսպես կոչված «Յապոնի բաղեր» վայրում: Եղեգիսը ժամանակին եղել է Հայաստանի հնագույն ու նշանավոր քաղաքներից մեկը:
Առաջին անգամ հիշատակվել է V դարում:
Պահպանվել են եկեղեցիների, մահարձան-կոթողների, գերեզմանոցների, իշխանական ապարանքների ավերակներ: Այս ամենը ինքնին վկայում է, որ բնակավայրը եղել է ժամանակի զարգացած կենտրոններից մեկը:
Հին աշխարհում ընդունված է եղել նորակառույց քաղաքները բնակեցնել այլ քաղաքների բնակչության հաշվին: Պատմահայր Մովսես Խորենացին վկայում է, որ Բաբելոն տեղափոխելու ճանապարհին գերեվարված հրեաների մի մեծ խմբի հանձնել են հայոց Հրաչյա թագավորին:
Այս վկայությունից պարզ է դառնում, որ քաղաքային բնակչությունը համալրվել է նաև գերեվարված օտարալեզու բնակչության հաշվին: Եվ չի բացառվում, որ նրանց մի զգալի մասը բնակեցվել է Վայոց ձորում: Պահպանված ավերակների ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի բնակավայրի պատմության էջերը վեր հանելու տեսանկյունից:
Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի նախաձեռնությամբ ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի հնագիտության ինստիտուտի գիտաշխատողները պեղումներ են իրականացրել: Աշխատանքներին հայ գործընկերների հետ մասնակցել են նաև հրեա մասնագետներ: Պեղումների ընթացքում հայտնաբերվել են եբրայերենով գրված տապանաքարեր:
Հիմք ընդունելով այդ հանգամանքը` Աբրահամ սրբազանի ջանքերով 2009թ մայիսին Եղեգնաձոր քաղաքում կազմակերպվեց գիտաժողով, որի աշխատանքներին մասնակցում էին նաև հրեա գիտնականներ, դիվանագետներ, կառավարական և կրոնական շրջանակների ներկայացուցիչներ: Երուսաղեմի եբրայական համալսարանի կրոնագիտության և հայագիտության ամբիոնի վարիչ, դոկտոր Մայքլ Սթոունը իր ելույթում նշել է, որ «… տապանաքարերի վրա կան եբրայերեն արձանագրություններ: Դա հրեական գերեզմանոց է»: Նույն միտքը արտահայտել է նաև Իսրայելի հնությունների տեսչության, Երուսաղեմի Շեխտերի անվան հրեագիտության ինստիտուտի դոկտոր Ավիդ Ամիթը:
Եղեգիսի գերեզմանոցում պահպանված հուշարձանները վկայում են հրեական ժողովրդի նկատմամբ հայ ժողովրդի հարգալից և բարեկամական վերաբերմունքի մասին:
Հրեական համայնքի գոյությունը փաստող արձանագրությունները կարևոր պատմական փաստ են Վայոց ձորի պատմության տվյալ ժամանակաշրջանի ուսումնասիրության համար:

Օգտագործված գրականություն

1. Խորենացի Մ., Հայոց պատմություն, Երևան, 1991թ.
2. Բուզանդ Փ., Հայոց պատմություն, Երևան, 1987 թ
3.Հրեաները Հայաստանում, Միջնադար,Լուսաբաց հրատ.