ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Ս.Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ WWW.MAMUL.AM ԿԱՅՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՆՅՈՒԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Հարժիս գյուղից մոտ 3.5 կմ հյուսիս-արևմուտք գտնվող «Կոտրած» քարավանատուն հուշարձանը (պետ. ցուցիչ` 8.56.16) կառուցված է 1319 թվականին: Քարավանատնից մոտ 10 մետր հյուսիս-արևմուտք հաշվառված է 14-րդ դարի ուղեցույց քար /պետ. ցուցիչ` 8.56.16.1/: Դարձյալ 14-րդ դարով թվագրվող մեկ այլ ուղեցույց քար (պետ. ցուցիչ` 5.56.14.) գտնվում է այդ քարավանատնից մոտ 850 մ. արևմուտք` Գորիս-Նախիջևան հին ճանապարհին: Գորիս-Նախիջևան հին ճանապարհի վրա գտնվող երրորդ ուղեցույց քարը (պետ. ցուցիչ` 8.56.15) գտնվում է քարավանատնից մոտ 1 կմ արևմուտք:

ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության հուշարձանների պահապան Ռուդիկ Մկրտչյանը հոկտեմբերի 21-ին տեղում լուսանկարել է երեք ուղեցույց քարերն էլ, որևէ փոփոխություն կամ ուղեցույց քարի տեղափոխություն չի կատարվել: Համլետ Պետրոսյանի ներկայացրած 2011 թ․ լուսանկարում պատկերված ուղեցույց քարը «Կոտրած» քարավանատնից մոտ 10 մետր հյուսիս-արևմուտք գտնվող ուղեցույց քարն է (պետ․ցուցիչ` 8.56.16.1), որը պատկերված է ս․ թ․ հոկտեմբերի 21-ին արված լուսանկարում (հրապարակման գլխավոր լուսանկարը)։

Հ.Գ.

Առաջին անգամ չէ, որ Համլետ Պետրոսյանը հուշարձանների պահպանության վերաբերյալ ստահոդ լուրեր է տարածում, որի նպատակը բնավ հուշարձանի նկատմամբ «հոգատար» վերաբերմունքը չէ, ինքնահաստատման և ինքնադրսևորման այս քայլով Համլետ Պետրոսյանը փորձում է իր վրա սևեռել հանրության՝ այդ թվում իր ուսանողների և մշակույթի ոլորտի պատասխանատուների ուշադրությունը։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը վերջին անգամ է պատասխանում նրա և ընդհանրապես նմանատիպ հերյուրանքներին:

2016-10-31T17:08:22+00:00 21 / 10 / 2016|Լրահոս, Նորություններ|