ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՎԻԿՏՈՐԻՆԱ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտահետազոտական և մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժինները՝ ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության հետ համատեղ, իրականացրել են «Մեր մարզի մշակույթի հետքերով» խորագրով կրթամշակութային մրցույթ-վիկտորինա: Մրցույթին մասնակցել են Շիրակի մարզի Սառնաղբյուր և Ձորակապ համայնքների միջնակարգ դպրոցների 9-12-րդ դասարանի աշակերտներից կազմված «Մուշ» և «Անի» թիմերը:

Չորս փուլից բաղկացած մրցույթը նվիրված է եղել Շիրակի պատմամշակութային ժառանգությանը: Վիկտորինայի նպատակը Շիրակի մարզի պատմամշակութային հուշարձանների հանրահռչակումը և աշակերտների մշակութային, ճանաչողական գիտելիքների բարձրացումն է: Մրցույթն անցել է թեժ պայքարի մթնոլորտում: Երկու թիմերն էլ ցուցաբերել են փայլուն գիտելիքներ, սակայն նրանցից մեկին՝ Սառնաղբյուր համայնքի դպրոցի «Մուշ» թիմին, հաջողվել է առաջ անցնել և հաղթող ճանաչվել։

Մրցույթի փուլերի ընդմիջումներին երկու դպրոցների շնորհալի երեխաները հանդես են եկել ազգային երգ ու պարով, երաժշտական այլ կատարումներով: Երկու թիմերն էլ արժանացել են ՊՈԱԿ-ի պատվոգրերին և շնորհակալագրերին: Մրցույթ-վիկտորինային ներկա են եղել բազմաթիվ դպրոցականներ, ուսուցիչներ, ծնողներ: Մրցույթը լուսաբանել է Շիրակի հանրային հեռուստաընկերությունը:

2016-12-27T15:11:05+00:00 23 / 11 / 2016|Լրահոս, Նորություններ|