ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Գեղարքունիք > Հուշարձաններ > ԼՃԱՇԵՆԻ ԱՄՐՈՑԸ /ՊԵՏ. ՑՈՒՑԻՉ` 4.40.17.1/
IMG_0037

Գեղարքունիքի մարզ, գյուղ Լճաշեն:

Լճաշեն գյուղի հարավային ծայրամասում բարձրացող բլուրների վրա է գտնվում Լճաշենի կիկլոպյան ամրոցը: Ամրոցը «Լճաշեն» բնակատեղիի ենթահուշարձան է: Բնակատեղին հայտնաբերվել է գյուղից դեպի արևելք գտնվող լճի ցամաքած տեղում: Այն բրոնզեդարյան ժամանակաշրջանի կացարան է, որից պահպանվել են պատերի մնացորդները: Տարածված է 15 բլուրների վրա և զբաղեցնում է ավելի քան 35 հեկտար տարածություն:

Բնակատեղիից ոչ հեռու` քարաժայռի վրա, պահպանվել է ուրարտական թագավոր Արգիշտի I-ի արձանագրությունը:

Լճաշենի ամրոցն իր նպաստավոր դիրքով իշխում է շրջակայքի վրա: Տարածքը քարքարոտ է, ամրոցն ու շրջակայքը ջրազուրկ են: Ամրոցն ունի երկու միջնաբերդ և 22 մանր ու խոշոր քարաբուրգեր, աշտարակներ: Ամրոցի և միջնաբերդի տարածքը ծածկված է կացարանների ավերակներով:

Ամրոցն ու բնակատեղին շրջապատված են եղել խոշոր բազալտ ժայռաքարերի բեկորներով կառուցված բարձր ու լայն պարիսպներով: Պարսպի լայնությունը 3.5 մ է, սակայն խոցելի հատվածներում և միջնաբերդի մուտքերի մոտ նրա լայնությունը հասնում 5.5 մ: Հարավ-արևելյան մասում, որտեղ արտաքինից երևում է ամրոցի ներսը, օգտագործելով բնական կիրճերը, դրանք խորացրել և երկարացրել են` դարձնելով թաքստոց:

Այսպիսով, ամրոցն իր բազմաթիվ կառույցներով, մուտքերով ու գաղտնուղիներով նման է վերերկրյա լաբիրինթոսի:

Հնագետ Ա. Բոբոխյանի «Քաղաքագոյացման գործընթացները նախաուրարտական Հայաստանում» հոդվածում Լճաշենը մտնում է «Վաղ քաղաք 1» դասակարգման մեջ: Գիտական շրջանակներում ընդունված է այն կարծիքը, որ այս ժամանակաշրջանում առաջացել են վաղ քաղաքին բնորոշ տարրեր, մասնավորապես, հսկա քարերից կիկլոպյան շարվածքով ամրոցներ, որոնք հիմնականում ծառայել են որպես պաշտպանական համակարգեր:

Օգտագործված գրականություն և փաստաթղթեր.
1. Միքայելյան Գ.Հ., «Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները», Երևան, 1968թ.
2. «Բ.Բ. Պիոտրովսկին և հնագիտությունը», Երևան, 2014թ.
3. Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակ: