ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Արմավիր > Նորություններ > ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՌՕՐՅԱՆ ՀԱՐՍՏԱՆՈՒՄ Է ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՈՎ
01

«Պատանի թանգարանագետ» խմբակն ավելի հետաքրիր ու բովանդակալից է դարձնում պատանիների առօրյան։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նախաձեռնությամբ անցկացվող «Պատանի թանգարանագետ» խմբակի դասընթացին, որն անցկացվել է Վաղարշապատի 4-րդ դպրոցում, այս անգամ մասնակցել են Հովտամեջ, Մուսալեռ, Այգեշատ համայնքների և Վաղարշապատի 3-րդ ու 9-րդ դպրոցների աշակերտները։ Քանի որ պատանիները մասնակցել են մի քանի դասընթացների և արդեն որոշակի գիտելիքներ ունեն թանգարանների մասին, այդ դասն սկսվել է հարց ու պատասխանով։

Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի թանգարանային գործ և հուշարձանների պահպանության բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Արեն Իշխանյանն ու պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Հարություն Ենոքյանը ստուգել են դասերի ընթացքում ստացած պատանիների գիտելիքները։ «Թանգարանների ձևավորումը (18-19-րդ դարեր)» թեմայով դասի ընթացքում անդրադարձել են ինչպես Հայաստանի այնպես էլ արտերկրի հայտնի թանգարանների գործունեությանը։ «Պատանի թանգարանագետ» խմբակի դասն ավարտվել է խաղ-վիկտորինայով, որն անցել է աշխույժ ու հետաքրքիր մթնոլորտում։ Պատանիներից շատերն աչքի են ընկել թանգարանների ստեղծման ու հավաքածուների մասին իրենց հարուստ գիտելիքներով։ Նրանք անկեղծացել են, որ այս խմբակի դասընթացները ոչ միայն նպաստում են թանգարանների մասին գիտելիքների հարստացմանը, այլև օգնում են կողմնորոշվելու հետագայում մասնագիտության ընտրության հարցում։

Վաղարշապատի 4-րդ դպրոցից բացի «Պատանի թանգարանագետ» խմբակի դասընթաց զուգահեռ անցկացվել է նաև Արմավիրի գրադարանում։ Այստեղ «Թանգարանների ձևավորումը» թեմայով քննարկմանը մասնակցել են Միասնիկյան, Խանջյան համայնքների և Արմավիր քաղաքի երկու դպրոցների աշակերտները։ Դասի ընթացքում պատանիները ներկայացրել են իրենց պատրաստած` Արմավիր քաղաքը ներկայացնող, ցուցադրությունը։