ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Գեղարքունիք > Նորություններ > ԳԱՎԱՌԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ԱՐԾՎԱՔԱՐԻ ԲՐՈՆԶԵԴԱՐՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ
01

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ Գավառ քաղաքի Գեորգի Մնացականյանի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցում անցկացվել է «Արծվաքարի բրոնզեդարյան հուշարձանները» թեմայով բաց դաս:

10-րդ դասարանի աշակերտներին ներկայացվել են կիկլոպյան դարաշրջանի չորս հուշարձանները, դրանց պատմահնագիտական նշանակությունը: Բաց դասը վարող ՊՄՊ մարզային ծառայության պետի տեղակալ Շուշանիկ Հակոբյանը նշել է, որ դրանց ուսումնասիրությունը թույլ է տալիս պարզել տարբեր ժամանակներում տեղի ունեցած պատմական իրողություններն ու իրադարձությունները, ծանոթանալ ավելի վաղ ժամանակաշրջանի ճարտարապետական ոճերին, գեղարվեստական ճաշակին, կենցաղային սովորություններին:

Խոսվել է նաև «Ղամլուխ (Ղմլուխ)», «Ժամի դար», «Ջաղացի դար», «Մռթըբի ձոր» կիկլոպյան ամրոցների մասին, թե ինչպես են դրանք բաշխված Սևանա լճի արևմտյան, հարավային, հարավարևմտյան ափերին և ինչ նշանակություն են ունեցել Ուլիկուխի կամ Վելիքուխի երկրի ռազմական ու քաղաքական կյանքում: ՊՄՊ մարզային ծառայության պետի տեղակալը պատմել է նաև Սևանի ավազանի տարբեր վայրերում գտնված սեպագիր արձանագրությունների մասին, որոնք վկայում են Վելիքուխի երկրում (ուրարտացիներից առաջ) մարդկանց բնակություն հաստատելու մասին: Այդ մասին են վկայում նաև նախաուրարտական հարյուրավոր բնակատեղիները, կիկլոպյան ամրոցների ավերակները, դամբարանադաշտերն ու այլ հնագիտական հուշարձանները:

Դպրոցականներն, ովքեր հաճախ են լինում մարզի տարբեր հուշարձանների տարածքներում և բավականին հարուստ գիտելիքներ ունեն մարզի մշակութային ժառանգության մասին, Շ. Հակոբյանին հարցեր են ուղղել դամբարանադաշտերի , պեղումների մասին, կիսվել իրենց գիտելիքներով, ապա` խոսել տարածաշրջանի «ծննդյան վկայականը» համարվող «Բերդի գլուխ» ամրոցից գտնված Ռուսսա I-ի թողած արձանագրության մասին:

Այս կրթօջախի հետ գործակցությունն ամուր հիմքեր ունի: Մշտապես համատեղ կազմակերպում են էքսկուրսիաներ հուշարձանների տարածքներ, կատարում սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ: Դպրոցականների առաջարկով պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում էքսկուրսիա կազմակերպել հանրապետության մարզերի հուշարձանների տարածքներ:

Բաց դասի նպատակը դպրոցականների շրջանում մեր պատմամշակութային հուշարձանների նկատմամբ հոգատար վերաբերմունք, սեր ու հարգանք սերմանելն է: