ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Արմավիր > Նորություններ > ՊԱՏԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՎԻՐՏՈՒԱԼ ՇՐՋԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ
15311594_735701279922349_1204331988_o

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նախաձեռնությամբ անցկացվող «Պատանի թանգարանագետ» խմբակը երկու շաբաթ շարունակ Արմավիրի գրադարանում է հավաքել Միասնիկյան, Խանջյան համայնքների և Արմավիր քաղաքի երկու դպրոցների աշակերտներին։ Վերջին դասընթացին մասնակցել են նաև թանգարաններով հետաքրքրված ուսանողներ, արմավիրցիներ։ Դասընթացի մասնակիցները ծանոթացել են 18-19-րդ դարերի ոչ միայն աշխարհի հայտնի թանգարանների, այլև Հայաստանի թանգարանների ստեղծման պատմությանը։

Ինտերակտիվ դասերի ընթացքում երեխաները վիրտուալ ճամփորդել են Փարիզի, Գերմանիայի և Հայաստանի թանգարաններում՝ հատուկ նրանց համար նկարահանված տեսանյութերի շնորհիվ։ Դասընթացի օրվա թեմայից բացի պատանիները՝ «Արմավիրի թանգարան» նկարազարդմամբ ցուցադրման (իլյուստրացիա) մեթոդի միջոցով, հնարավորություն են ունեցել ծանոթանալու թանգարանային ցուցադրության կազմակերպմանը, թանգարանային առարկաների հայտնաբերմանը և հավաքագրմանը, այդ առարկաներին փակցվող բացատրագրերի պատրաստմանը, էքսկուրսիա վարելու նրբություններին։ Դասընթացներն անցկացրած Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի թանգարանային գործ և հուշարձանների պահպանության բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Աշոտ Հարությունյանը նշել է, որ «Պատանի թանգարանագետ» խմբակի նպատակը ոչ միայն թանգարանային գործի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն է, այլև թանգարան գնալու մշակույթ ձևավորելը, Հայաստանի և համաշխարհային մշակութային ժառանգությանը ծանոթացնելը։

Դասընթացներն ամփոփվել են «Թանգարանի բանալի» ինտելեկտուալ- ճանաչողական խաղի միջոցով։ Խաղի մասնակից թիմերը նվեր են ստացել Երևանի թանգարանների մասին պատմող գրքեր, այլ ձեռնարկներ, որոնք ծրագրին են նվիրել Երևանի 15 թանգարաններ: