ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Երևան > Հուշարձաններ > ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ (1903-1978)
DSCF3073

Երևան համայնք, պետ․ ցուցիչ՝ 1.6.95.4:

Կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ, ՀԽՍՀ, ՎԽՍՀ, ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, արվեստագիտության դոկտոր, սոցիալիստական աշխատանքի հերոս: Ծնվել է 1903թ․ հունիսի 6-ին Թիֆլիսում։ Մանուկ հասակից երաժշտական առաջին քայլերը կատարել է մորից լսած հայկական ժողովրդական երգերի տպավորությունների ներքո: Նախադպրոցական տարիքում Արամ Խաչատրյանին գերում էին թափառաշրջիկ երգիչների, աշուղներին և նվագածուների ժողովրդական կատարումները։ Նրան հատկապես հիացնում էր ժողովրդական երաժշտության ռիթմի «կախարդիչ» ուժը։

«․․․ Ինչ-որ հրաշքով թբիլիսցի կազմարարի աղքատիկ ընտանիքում հայտնվեց մի հին, «հալից ընկած» դաշնամուր։ Բավական արագ սովորեցի լսողությամբ ժողովրդական երգերի ու պարերի մեղեդիներ նվագել, մի անբացատրելի երանությամբ ես անվերջ, մեկ կամ երկու մատով, դրանք դուրս էի «կորզում»․․․ Առավել դժվար էր շատ թե քիչ տանելի նվագակցություն գտնելը։ Սակայն որոշ ժամանակ անց դրանից էլ գլուխ հանեցի։ Ես ավելի համարձակ դարձա ու սկսեցի տարբերակել ծանոթ եղանակները, հորինել նորերը․․․»,- պատմում էր Արամ Խաչատրյանը։

Հաջողությամբ հաղթահարելով նախապատրաստական դասընթացների փուլը` 1922թ․ ընդունվում է Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետ։ Սակայն երաժշտության նկատմամբ սերը ավելի զորեղ գտնվեց և նույն թվականի աշնանը Արամ Խաչատրյանը, հաջողությամբ հանձնելով ընդունելության քննությունները, ընդունվում է Գնեսինի անվան պետական երաժշտական-մանկավարժական ինստիտուտ: Այդ մասին է վկայում նաև հայտնի մշակութաբան Գեորգի Խուբովը` Արամ Խաչատրյանին նվիրված իր գրքում:

1934թ․ Ա. Խաչատրյանն ավարտում է Մոսկվայի երաժշտանոցը, իսկ 1936թ՝ ասպիրանտուրան։ 1957թ․-ից նա ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության քարտուղարն էր, 1950թ․-ից դասավանդել է Մոսկվայի երաժշտանոցում և Գնեսինի անվան պետական երաժշտական մանկավարժական ինստիտուտում։ 1952թ. ստացել է պրոֆեսորի կոչում։ Իր ստեղծագործությամբ նա հայ ազգային երաժշտարվեստին համաշխարհային ճանաչում բերեց։ Ա․ Խաչատրյանի հանրահայտ գործերից են՝ 1-ին, 2-րդ սիմֆոնիաները, «Գայանե» «Սպարտակ» և «Դիմակահանդես» բալետները:

Արամ Խաչատրյանի արձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 1999թ․ հուլիսի 31-ին մեծանուն կոմպոզիտորի անունը կրող Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճի հարևանությամբ։ Ներկա էին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը և պաշտոնատար այլ անձինք:

Արամ Խաչատրյանի արձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 1999թ․ հուլիսի 31-ին մեծանուն կոմպոզիտորի անունը կրող Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճի հարևանությամբ։ Ներկա էին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը և պաշտոնատար այլ անձինք:

Արձանի նյութը բրոնզ և գրանիտ է, բարձրությունը՝ 3,5մ (քանդակագործ` Յուրի Պետրոսյան, ճարտարապետ՝ Ռոմեն Մարտիրոսյան)։

Հիմնական գրականություն
1. Գեորգի Խուբով, «Արամ Խաչատրյան», Եր. 1977թ.
2. Ա. Խանջյան, Երևանի արձանները, Եր. 2004թ.