ԳՅՈՒՂԱՏԵՂԻ ՍՊԻՏԱԿ ՎԱՆՔ /ԱՂՔԻԼԻՍԱ/ /ՊԵՏ. ՑՈՒՑԻՉ՝ 3.46.5./

Սպիտակ Վանք գյուղատեղին գտնվում է Արարատի մարզի Լանջանիստ գյուղից 1.5 կմ հյուսիս-արևմուտք: Լքված գյուղատեղին տարածված է Դահնակի լեռների հարավ-արևմտյան փեշերին: Հուշարձանը ներառում է եկեղեցի /պետ. ցուցիչ՝ 3.46.5.1./, եկեղեցու շուրջ սփռված XIII-XVII դդ. գերեզմանոց /պետ. ցուցիչ՝ 3.46.5.1.1./, օժանդակ շինություններ` 4-5 սենյակներից կազմված համալիր: Օժանդակ շինություններն ավերված են: Եկեղեցին կառուցվել է 1301թ., այն ուղղանկյունաձև միանավ բազիլիկ է` կառուցված սպիտակ սրբատաշ ավազաքարով: Այստեղից էլ հավանաբար ծագել է անունը՝ Սպիտակ վանք: Եկեղեցուց պահպանվել են հյուսիսային և արևելյան պատերը, մյուս երկու պատերից մնացել են միայն հիմքերը: Եկեղեցու մուտքի ձախ կողմում պատի մեջ տեղադրված է գեղեցիկ նախշազարդերով խաչքար: Խաչքարի ներքևի հատվածում պահպանվել է նրան վերագրվող շինարարական բնույթի արձանագրություն, իսկ վեց արձանագրություններ էլ կան «Սպիտակ Վանք» եկեղեցու կանգուն պատերին: Գյուղատեղին ենթադրաբար գոյատևել է մինչև շահ Աբասի կազմակերպած բնակչության զանգվածային տեղահանությունը (1604թ.): Սպիտակ Վանք եկեղեցին քանդվել է 1679 թվականի ավերիչ երկրաշարժի ժամանակ:

Օգտագործված գրականություն
1. Հակոբյան Ս., Վեդի, Երևան, 2004թ.
2. Մանուկյան Մ., Հայաստանի Հանրապետության մարզերը, քաղաքներն ու գյուղերը,

Երևան, 2013թ.

2016-12-27T16:42:52+00:00 09 / 12 / 2016|Լրահոս, Հուշարձաններ|