ՔԱՐԱՎԱՆԱՏՈՒՆ /ՊԵՏ.ՑՈՒՑԻՉ` 6.1.64/

Կոտայքի մարզ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան:

Հրազդանի Վանատուր թաղամասում կառուցված իջևանատունը այժմ գտնվում է մասնավոր սեփականություն համարվող մի առանձնատան բակում: Այն ամբողջապես աշխարհիկ կառույց է: Հատկապես առանձնանում է նրանով, որ շուրջ 200 տարի բուն տարածքը և հետագայում հիմնադրված գյուղը կոչվել է Քարվանսարա: Մեր օրերում մասամբ պահպանվել է շինության միայն ճակատային մասի և թաղածածկ տանիքի մի հատվածը: Գտնվելով տարանցիկ ճանապարհների խաչմերուկում` ծառայել է որպես իջևանատուն: Կառույցը կրում է արևելքի միջնադարյան նմանատիպ շինությունների և առհասարակ այդ ժամանակաշրջանին բնորոշ հայկական ճարտարապետության կնիքը: Միահարկ շինության հիմնական մուտքը արևմտյան կողմից է: Մեզ հասած տեղեկությունները հնարավորություն են ընձեռում մասամբ վերստեղծելու կառույցի մոտավոր պատկերը: Կառուցվել է կարմիր թրծված աղյուսից, ունի լավ պահպանված բուխարի, որն էլ, հավանաբար, ծառայել է ինչպես սնունդ պատրաստելու միջոց, այնպես էլ ձմռանը ջերմություն ապահովելու համար: Ըստ բնակիչների` աղյուսը բերվել է Արարատի մարզից: Շինության հիմքը և պահպանված մնացորդները հնարավորություն են տալիս պնդելու, որ այն ունեցել է մոտ 80մ երկարություն, 60մ լայնություն և թաղածածկ տանիք: Կառույցի չափերը թույլ են տալիս եզրակացնելու, որ տարվա բոլոր եղանակներին այստեղով անցնող քարավաններն ու ճամփորդները կարողացել են իջևանել և հանգստանալ: Այն միանգամից կարողացել է ընդունել ավելի քան 60 մարդ: Ունեցել է նաև ձիերի, ուղտերի և այլ անասունների համար նախատեսված վայր: Քարավանատան գործունեությունը ապահովել է հսկայական եկամուտ և նպաստել առևտրի զարգացմանը: Այն իր նշանակությունը պահպանել է մինչև XIX դարի 30-ական թվականները:

Օգտագործված գրականություն

1. Հարությունյան Զ., Ախտա, 2012 թ.
2. ՊՄՊ ծառայության տեղազննություններ, ուսումնասիրություններ և դիտարկումներ:

2016-12-09T16:35:13+00:00 09 / 12 / 2016|Լրահոս, Հուշարձաններ|