ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Վայոց Ձոր > Հուշարձաններ > ՄՈՒՐԱԴՍԱՐԻ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐ
001

Հայկական լեռնաշխարհի ժայռապատկերների ինքնատիպ մի զանգված տեղադրված է Մուրադսարից (նորագույն քարտեզներում կոչվում է Հուսոսար) մոտ 2 կմ հյուսիս և հյուսիս-արևելք: Դրանք սփռված են առանձին խմբերով, որոնցից յուրաքանչյուրում կարող ենք հաշվել մի քանի տասնյակ քարաբեկորներ: Ընդհանուր առմամբ, այստեղ առկա մոտ 200 քարերի վրա պահպանվել են ժայռապատկերներ, որոնք 1960-ական թվականներից հետազոտողների ուսումնասիրության առարկա են: Յուրաքանչյուր քարի վրա փորագրված են 20-ի հասնող պատկերներ: Պատկերները ստեղծվել են կլոր, կետի չափ ծայր ունեցող, սուր ելուստներից մաքրազերծված, ձեռքի ափի մեջ տեղավորվող գործիքով` նախօրոք մտածված պատկերի ուրվագծերը մեթոդաբար ծեծելով քարի մակերևույթի վրա: Նման գործիքներ կարող էին ծառայել համապատասխան հղկվածություն ունեցող կարծր գետաքարերը:

Ժայռապատկերները բազմաբովանդակ են. առկա են քրմական հավատալիքներ, անեծքներ, ինչպես նաև առասպել, կենցաղ, գյուղատնտեսություն, որսորդություն, աղետ, պատերազմ և այլ երևույթներ արտահայտող թեմաներ: Հանդիպում են մարդկանց և կենդանիների խմբակային ու առանձին տեսարաններ, ֆանտաստիկ կերպարներ, նշաններ և այլն:

Երբեմն հանդիպում են քարաբեկորներ, որոնց մի քանի նիստերը զարդարված են պատկերներով: Այդպիսի ժայռապատկերներից մեկի վրա զարդարված են երեք նիստ: Դրանցից մեկի վրա պատկերված է օձ, մյուսներին` այծեր և շուն, ընդ որում, այծերը տարբեր գործառույթներ իրականացնող և տարբեր իմաստային բնութագրեր ունեցող կերպարներ են: Կան մինչև մեջքին հասնող կամարաձև կոտոշներ, երեք ստորին վերջույթ ունեցող «տիեզերական այծեր»: «Տիեզերական այծը» պատկերված է կամարաձև և ունի երկնքի սֆերիկ գծապատկեր, որի ստորին վերջույթները երեքն են, ընդ որում, մեջտեղինը խորհրդանշում է պտղաբերություն կամ ծլած սերմ: Այս նիստին պատկերված են նաև սովորական «երկրային» այծեր, որոնց իրար միացած կոտոշները շեշտում են նրանց դերակատարման կարևորությունը երկրի վրա: Ամբողջ նիստով պատկերված օձը երրորդ նիստը բաժանում է երկու մասի: Օձից ներքև` մարդու պատկեր է` հնարավոր է հանգուցյալ, ինչպես նաև սովորական այծ և ցլիկ, իսկ օձից վերև` Կենաց ծառ, ցուլ, մարդ, որի մի ձեռքում մանգաղանման գործիք է, իսկ մյուսում` ինչ-որ իր, այնուհետև` այծ և այծիկ: Մուրադսարի ժայռապատկերները, հիմնականում նման լինելով Հայկական լեռնաշխարհի մյուս վայրերում սփռված ժայռապատկերներին, աչքի են ընկնում մի քանի առանձնահատկություններով, որոնցով էականորեն տարբերվում են մյուսներից: Այդ ժայռապատկերները ծեծված են այն սալաքարերի վրա, որոնք գտնվելով ձորակում և հարակից տարածքներում, գարնանը ողողվել են հալոցքից առաջացած ջրերով:

Ժայռապատկերները գրեթե ամբողջությամբ ծիսական նշանակության խորհրդակիր պատկերներ են:

Ամենայն հավանականությամբ, ժայռապատկերները եղել են սրբազան վայրում, որտեղ քրմերը, ջրերը քաշվելուց հետո, իրականացրել են ծիսակատարություններ: Հալոցքաջրերից ազատված բազալտի հարթ մակերեսի վրա պահպանվել են ծիսական բնույթի արձանագրություններ: Կազմակերպվել են նաև խնջույքներ, որի մասին է վկայում նաև մեծ բազալտի մակերեսին արված տոնակատարության պատկեները: Թեպետ ստեղծված պատկերները տևական ժամանակի արդյունք են, բայց դրանց կերտումը հիմնականում կատարվել է նույն տեխնիկական եղանակներով: Այս փաստն ինքնին վկայում է, որ Հայկական լեռնաշխարհում բնակված մարդու կենցաղում և բնապաշտական հավատալիքների ծիսակարգում ժայռապատկերներն ունեցել են իրենց ուրույն նշանակությունը: Ժայռապատկերների փորագրության տեխնիկան փոխանցվել է սերնդեսերունդ, ինչը խոսում է մեր նախնիների ավանդապաշտության և արմատացած բարքերը հարգելու ու կարևորելու իրողության մասին: Նրանք հավատացել են կյանքի հավերժությանը, բնության զարթոնքին, լույսի աստվածային բնույթին և ջրի կենարար զորությանը: Այս ամենը հետագայում պարարտ հող ստեղծեց քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն ընդունելու համար, քանի որ այն ևս խարսխված էր լույսի, հավերժության, ավանդապաշտության, վարքի ու բարոյականության կանոնների վրա: